Բաժին. Տնտեսական

Աշոտ Մանուկյան. առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման նախապայմաններ չկան

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն առաջիկայում էլեկտրական էներգիայի սակագնի բարձրացման նախապայմաններ չի տեսնում: Հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նախարարն ընդգծեց, որ Հայաստանում սակագների կարգավորումն իրականացնում է անկախ մարմինը` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և սակագների փոփոխության մասին հարցերի սպառիչ պատասխան կարող է տալ միայն հանձնաժողովը, սակայն հավելեց, որ ինքն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման նախապայմաններ չի տեսնում: «Եթե կառավարությունը փորձի միջամտել էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը, մենք կխաթարենք երկրում տնտեսական քաղաքականության հիմքերը: Դա է պատճառը, որ մենք ստեղծել ենք անկախ մարմին: Սակագների կարգավորումն անկախ մարմնի բացառիկ իրավասությունն է, որովհետև միայն անկախ արբիտրը կարող է համակշռել երեք իրարամերժ տեսակետներ` դրամավարկային քաղաքականության, հարկաբյուջետային քաղաքականության և սպառողի տեսակետները: Այսինքն՝ այդ հարցի վերջնական և սպառիչ պատասխանը կարող է տալ միայն հանձնաժողովը: Բայց ես ձեզ իմ տեսակետը կասեմ: Ես առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար նախապայմաններ չեմ տեսնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մանուկյանը:

Աշոտ Մանուկյանն անդրադարձավ նաև էլեկտրական էներգիայի սակագնի նվազման հնարավորություններին: «Մենք էլեկտրաէներգիայի մեծածախ վաճառքը ցանցերին իրականացնում ենք մեր արտադրողների կողմից: Մեզ մոտ ամենաթանկ էլեկտրաէներգիան տալիս է «Հրազդան» ՋԷԿ-ը, ամենաէժանը` Հայաստանի ատոմակայանը: Մենք անցած տարի սկսել ենք ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը, որը ենթադրում է 2018 թ. ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի կանգառ` 6 ամիս ժամկետով և 2019 թ.` 6 ամիս 15 օր ժամկետով: Իսկ սա նշանակում է, որ 2018 և 2019 թվականներին մենք սակագների վրա հսկայական ճնշում կունենանք: Ատոմակայանը, որը սովորաբար տարվա ընթացքում կանգնում է 40-45 օր, առաջիկա երկու տարիներին կանգնելու է վեց ամիս ժամկետով: Սա այն անհրաժեշտ ժամանակահատվածն է, որպեսզի մենք կարողանանք փոխել կարևոր հանգույցները, արդիականացնել բլոկը և իրականացնել հետագա շահագործումը»,- պարզաբանեց նախարարը:

Նա շեշտեց, որ առաջիկա երկու տարիներին, ունենալով այդ ճնշումը էլեկտրաէներգիայի սակագնի վրա, ուղղակի հնարավորություն չկա խոսել սակագնի նվազման մասին:

Share