Բաժին. Տնտեսական

Կրճատվել են շինարարության ոլորտ ուղղվող մասնավոր ներդրումները

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մասնավոր ընկերությունների ֆինանսական միջոցների հաշվին մեր երկրում իրականացվել է 97,95 մլրդ ՀՀ դրամի շինարարություն, ընդ որում՝ այս գումարից 19,85 մլրդ ՀՀ դրամը կազմել են օտարերկրյա ներդրողների միջոցները:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հաշվետու ինն ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մասնավոր ընկերությունների ֆինանսական միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալները նվազել են շուրջ 12%-ով: Արդյունքում, մասնավոր ընկերությունները ապահովել են մեր երկրում իրականացված շինարարության համախառն ծավալի 44.5%-ը:

Միևնույն ժամանակ, բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարությունը կազմել է հանրապետությունում իրականացված շինարարության համախառն ծավալի 27%-ը կամ 60,36 մլրդ ՀՀ դրամ:

Բյուջեի միջոցներով իրականացվել է շինարարության համախառն ծավալի 8.1%-ը: Միջազգային վարկերի հաշվին իրականացվել է շինարարության ընդհանուր ծավալի 16.6%-ը:

Հարկ է նշել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալն աճել է մոտ 2%-ով, պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալը նվազել է 25%-ով, իսկ միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարության ծավալն աճել է 12.8%-ով:

Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկրում իրականացվել է 220,31 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է 6.4%-ով:


Share