Բաժին. Տնտեսական

Կայացել է խորհրդակցություն Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման, պահպանության և արդյունավետ օգտագործման վերաբերյալ

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման, պահպանության և ավելացման հարցերի շուրջ:

Նախ ներկայացվել է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը: Նշվել է, որ ծրագրի հիմնական նպատակներն են՝ Սևանի իշխանի 2 ենթատեսակների պաշարների վերականգնումը լճում և ձկնաբուծության զարգացումը Հայաստանում՝ բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման ճանապարհով: Վարչապետին մանրամասն զեկուցվել է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի կողմից՝ լճի և դրա ավազանի էկոլոգիական խնդիրների գույքագրման, էկոլոգիական վիճակի գնահատման և իշխանի պաշարների համալրման ուղղությամբ կատարված աշխատանքների (այդ թվում՝ մանրաձկան բացթողնման), արձանագրված արդյունքների, առկա խնդիրների և հետագա քայլերի մասին: Անդրադարձ է եղել 2016 թ. դեկտեմբերին շահագործման հանձնված Հայաստանում առաջին ջրի փակ շրջանառությամբ աշխատող 50 տ հզորությամբ մանրաձկան գործարանի աշխատանքներին և նշվել է, որ ներկայում ընթացքի մեջ է գործարանի երկրորդ շենքի և բացօթյա ավազանների շինարարությունը: Նախատեսվում է կառուցել նաև սելեկցիոն տնտեսություն և բտման ավազաններ:

Տեղեկատվություն է ներկայացվել նաև ծրագրի առաջին և երկրորդ փուլերի իրականացման արդյունքում ակնկալվող արդյունքների՝ կանխատեսվող արտադրական ծավալների, աշխատատեղերի և ներդրումների մասին: Վարչապետը կարևորել է ծրագրի շարունակական իրականացումն ինչպես բնապահպանական խնդիրների լուծման, այնպես էլ շահավետ բիզնեսի կազմակերպման տեսանկյունից: Կարեն Կարապետյանը նաև առաջարկել է համապատասխան վերլուծություն իրականացնել և գնահատական ներկայացնել ներդրումների ծավալի, ժամանակացույցի, պետություն-մասնավոր հատված համագործակցության հնարավորությունների, կանխատեսվող ռիսկերի և հետագայում ակնկալվող շահութաբերության վերաբերյալ: Խորհրդակցության ժամանակ քննարկվել է նաև Սևանա լճում սիգի և խեցգետնի պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման համալիր ծրագիրը, որի հիմնական նպատակը, ծրագրի հեղինակների խոսքով, ձկան և խեցգետնի պաշարների վերարտադրության ապահովումն է, պահպանությունն ու արդյունավետ օգտագործումը և Սևանի ավազանում ավանդաբար ձկնորսությամբ զբաղվող համայնքների բնակիչների սոցիալական խնդիրների լուծումը:

Այս համատեքստում արծարծվել են ձկնային պաշարների իրացման գործող սխեմային և ձկնապաշարների ապօրինի որսի դեմ պայքարին վերաբերող հարցեր: Վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ ձկնագողության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման խնդիր կա, և անհրաժեշտ է կարգավորել դաշտը: Նա հանձնարարել է լրամշակել ծրագիրը և ներկայացնել խնդրի լուծման տարբերակներ:

Share