Բաժին. Տնտեսական

Հայաստանում 54 հազար մարդ ծայրահեղ աղքատ է

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը – 2017» զեկույցը: Ըստ պաշտոնական տվյալների՝ մեր երկրում աղքատության մակարդակը 2016թ.-ին կազմել է 29.4%` ճգնաժամային 2008թ.-ին արձանագրված 27.6%-ի դիմաց: Ընդ որում, շատ աղքատների տեսակարար կշիռն ամբողջ բնակչության մեջ կազմել է 9.8%` 2008թ.-ին արձանագրված 12.6%-ի դիմաց: Ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 1.8%` 2008թ.-ին արձանագրված 1.6%-ի դիմաց:

2016թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 880 հազար մարդ, նրանցից շատ աղքատների թվաքանակը` ներառյալ ծայրահեղ աղքատները, կազմել է մոտ 295 հազար, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը` մոտ 54 հազար մարդ:

2016թ.-ին աղքատության մակարդակի տարբերությունը ըստ քաղաքային (28.8%) և գյուղական բնակավայրերի (30.4%) փոքր է: Սակայն, աղքատության մակարդակի տարբերությունը Երևանում (24.9%) և երկրի այլ քաղաքներում (33.2%) մեծ է:

Հարկ է նշել նաև, որ ըստ մանկական աղքատության ցուցանիշների՝ մեր երկրում մինչև 18 տարեկան երեխաների 2.0%-ը ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 34.2%-ն`աղքատության մեջ:

Նշենք, որ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից (ամսական 40 հազար 867 ՀՀ դրամ), շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին գծից (ամսական 33 հազար 418 դրամ), իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից (ամսական 23 հազար313 դրամ):

Share