Բաժին. Տնտեսական

Երևանում մեկնարկեց ՀՄՄ Սպեկտրի կառավարման հարցերով տարածաշրջանային համաժողովը

Երևանում դեկտեմբերի 12-ին մեկնարկեց Հեռահաղորդակցության միջազգային միության Սպեկտրի կառավարման հարցերով տարածաշրջանային եռօրյա համաժողովը: Հայաստանում այն անցկացվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Հեռահաղորդակցության միջազգային միության և «Forum Global» ընկերության համատեղ ջանքերով:

Համաժողովի աշխատանքներին մասնակցելու են ժամանել աշխարհի տարբեր երկրների շուրջ 100 ներկայացուցիչներ` ՀՄՄ անդամ-պետությունների նախարարություններից, կարգավորող գործակալություններից, հեռահաղորդակցության օպերատոր ընկերություններից, գիտական և նախագծային ինստիտուտներից:

«Ռադիոկապի ռեգլամենտի գործնական օգտագործում». համաժողովի առանցքային թեման է:

Հանդես գալով ողջույնի խոսքով՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանը Հեռահաղորդակցության միջազգային միության անդամ է 1992 թվականից: Մեր երկրի համար միշտ եղել ու մնում է առաջնահերթ միության շրջանակներում գործունեությունը, քանի որ այն կառուցված է բոլոր կողմերի շահերի հավասարակշռվածության սկզբունքի վրա:

«Դինամիկ զարգացող համաշխարհային տնտեսության պայմաններում Հայաստանը շատ առումներով պատրաստ է զարգացած հեռահաղորդակցության ենթակառուցվածքի հաշվին չորրորդ տեխնոլոգիական «խոչընդոտի» հաղթահարմանը: Այդ համատեքստում ռադիոհաճախականության սպեկտրի կառավարման հարցերը, դրա օպտիմալ օգտագործման սկզբունքները ձեռք են բերում հատուկ նշանակություն: Ռելիեֆի դժվարության առանձնահատկություններով պայմանավորված՝ մեր հանրապետության, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի սպեկտրի օպտիմալացման անհրաժեշտության ավանդական հարցերին ներկայում գումարվում են նաև ռադիոհաճախականության սպեկտրի ռեսուրսների փոխակերպման օգտագործման խնդիրները»,- նշեց նախարարը:

Share