Բաժին. Տնտեսական

Տնային տնտեսությունների 41%-ի համար ջեռուցման հիմնական աղբյուրը գազն է, 37%-ի համար՝ փայտը

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը – 2017» զեկույցը: Ըստ պաշտոնական տվյալների՝ մեր երկրում ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերի տնային տնտեսությունների գերակշիռ մասը ջեռուցել են իրենց բնակարանները: Վերջին տվյալներով՝ իր կացարանը ջեռուցող տնային տնտեսությունների համամասնությունը կազմել է 97.5%:

Կացարանների ջեռուցման համար տնային տնտեսություններն օգտագործում են բնական գազը` շուրջ 41% (2010թ.-ի` 57%-ի դիմաց), փայտը` մոտ 37% (2010թ.-ի` շուրջ 26%-ի դիմաց), էլեկտրաէներգիան`15% (2010թ.-ի` մոտ 12% -ի դիմաց) և այլն:

Հարկ է նշել նաև, որ 2016 թվականի տվյալներով՝ հանրապետությունում տնային տնտեսությունների 99.8%-ն ունի էլեկտրաէներգիա, 85.5%-ը՝ կենտրոնացված գազամատակարարում:

Ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ այլ քաղաքային բնակավայրերում ջեռուցման հիմնական աղբյուրը գազն է, իսկ գյուղական բնակավայրերում ջեռուցման հիմնական աղբյուրը մնացել է փայտը:

Ընդհանուր առմամբ, տնային տնտեսությունների միջին ամսական սպառողական ծախսերում բնակ-կոմունալ ծառայությունների համար կատարված ծախսերը կազմել են 14.0%, իսկ 2016թ.-ին բնական գազի և էլեկտրաէներգիայի համար կատարված ծախսերի մասնաբաժինը եղել է համապատասխանաբար 5.7% և 6.0% և միասին կազմել են բնակ-կոմունալ ծախսերի 83.6%-ը:

2016թ.-ին ոչ աղքատների կողմից կոմունալ ծառայությունների համար կատարված ծախսերը (մեկ շնչի հաշվով, միջին ամսական) 4.3 անգամ բարձր են, քան ծայրահեղ աղքատներինը, իսկ բնական գազի համար կատարված ծախսերը բարձր են 6.8 անգամ:

Ոչ աղքատ տնային տնտեսություններում մեկ շնչի հաշվով ամսական ծախսը միայն գազի վրա միջինում կազմել է 3102 դրամ, աղքատներինը՝ 1171 դրամ, ծայրահեղ աղքատներինը՝ 454 դրամ:

Share