Բաժին. Տնտեսական

Հայկ Հարությունյանն Ազգային ժողովում ներկայացրել է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանն ուղղված օրենքների նախագծերի փաթեթը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը Ազգային ժողովի հունվարի 16-ին կայացած նիստում ներկայացրել է «Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։ Օրենսդրական փաթեթն ուղղված է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանը, կառավարության կողմից լիազորված մարմնի և ՀԾԿՀ իրավասությունների հստակեցմանը, միջպետական առևտրի զարգացմանը։

Հայկ Հարությունյանի խոսքով` Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ներկայիս մոդելը կիրառության մեջ է դրվել 2004 թվականին և հենվում է «միակ գնորդ (վաճառող)» մոդելի վրա, որի դեպքում էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին է վերապահվում էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում արտադրողներից էլեկտրաէներգիա գնելու և սպառողներին վաճառելու իրավունքը:

Էլեկտրաէներգետիկական շուկան ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ հատվածում ամբողջությամբ կարգավորվում է։ Կարգավորվում է նաև էլեկտրաէներգիայի ներկրումն ու արտահանումը: Զարգացած և զարգացող մի շարք երկրներում էլեկտրաէներգետիկական շուկաներն արդեն իսկ ազատականացված են և միտված լիարժեք մրցակցային շուկայի ձևավորմանը:

Բացի այդ՝ ներկայիս էլեկտրաէներգետիկական շուկան հենվում է միայն էլեկտրաէներգիայի արտադրության, սպառման տարեկան ծավալների կանխատեսման վրա և շուկայի մասնակիցների համար չի սահմանում պատասխանատվություն՝ այդ ծավալների շեղումների դեպքում: Արդյունքում էլեկտրաէներգիայի արտադրության կանխատեսված և փաստացի ծավալների տարբերության պատճառով առաջացած ռիսկերը հավասարակշռվում  են սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի սակագների միջոցով։

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների իրականացման հիմնական նպատակներն են.

– Էլեկտրաէներգիայի ժամային առևտրին՝ որպես էլեկտրաէներգետիկ համակարգի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող մեխանիզմին անցումը,

– Էլեկտրաէներգետիկական համակարգում տնտեսական կարգավարման իրականացումը՝ շուկայի մասնակիցներից պահանջարկի և առաջարկի  հայտերի հիման վրա,

-Շուկայի մասնակիցների համար անհատական պատասխանատվության ներդրումը՝ կանխատեսվող և փաստացի սպառման ծավալների արդյունքում առաջացող ռիսկերը հավասարակշռելու համար,

-Միջպետական առևտրի նոր հնարավորությունների ստեղծումը,

-Ներքին սպառողների պաշտպանության նոր մեխանիզմների ներդրումը,

-Ներդրումային միջավայրի բարելավումը և գրավիչ պայմանների ստեղծումը ներդրողների համար:

Էլեկտրաէներգետիկական շուկայի մոդելի ընդհանուր փոփոխությունները միտված են «միակ գնորդ (վաճառող)» մոդելից շուկայի ազատական մոդելի անցմանն` ապահովելով.

– Շուկայի օպերատորի ստեղծումը,

– Համակարգի օպերատորի իրավասությունների շրջանակի ընդլայնումը,

– Խոշոր սպառողների մուտքը էլեկտրաէներգետիական մեծածախ շուկա,

– Մատակարարների մուտքը էլեկտրաէներգիկական շուկա,

– Թրեյդերների մուտքը էլեկտրաէներգիայի մեծածախ շուկա:

Ներկայումս բոլոր սպառողներն էլեկտրական էներգիան գնում են բաշխիչ ցանցի միջոցով: Խոշոր սպառողների մուտքը էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկա թույլ կտա վերջիններիս էլեկտրաէներգիա գնել արտադրողներից՝ դրա համար վճարելով փոխադրման կամ բաշխման ցանցերով այդ էլեկտրաէներգիայի հաղորդման համար ՀԾԿՀ սահմանված սակագները: Խոշոր սպառողները մուտք գործելով շուկա՝ կմասնակցեն համակարգի պլանավորմանը և կվճարեն առանձին հզորության ու էլեկտրաէներգիայի դրույքների համար՝ հնարավորություն ստանալով ստեղծել լրացուցիչ տնտեսական օգուտներ և՛ համակարգի, և՛ սեփական գործունեության համար:

Մրցակցային շուկա ստեղծելու համար անհրաժեշտ առաջնահերթ քայլերից է մատակարարման և բաշխման գործառույթների տարանջատումը: Ներկայումս միայն բաշխման լիցենզիա ունեցող անձին է վերապահված մատակարարման գործառույթի իրականացումը։

– Մատակարարման և բաշխման գործառույթների տարանջատումից հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կկարողանա շարունակել իրականացնել և՛ բաշխման, և՛ մատակարարման գործունեություն, երաշխավորված մատակարարի կարգավիճակով: Միևնույն ժամանակ այլ ընկերություններ ևս իրավունք կունենան զբաղվելու էլեկտրաէներգիայի մատակարարմամբ՝ համապատասխան լիցենզիա ստանալու պարագայում: Արդյունքում նոր մատակարարների աստիճականական մուտքը կստեղծի մրցակցային միջավայր էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայում,- ասել է Հայկ Հարությունյանը:

Էլեկտրաէներգետիկական շուկայում հանդես կգան նաև թրեյդերները՝ էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունները։ Կարևորելով թրեյդերների ինստիտուտի ստեղծումը և վերջիններիս էլեկտրաէներգիայի ներկրման և արտահանման կազմակերպման իրավասություններով օժտելը՝ Հայկ Հարությունյանը նշել է, որ այն էական դեր կխաղա միջպետական առևտրային հարաբերությունների զարգացման հարցում։

Share