Բաժին. Տնտեսական

Վաչե Գաբրիելյանը հիմնավորեց 2.6% գնաճի մասին հայտարարությունները

Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց, թե ինչ հաշվարկների հիման վրա է հայտարարվում 2.6 տոկոս գնաճի մասին: Փոխվարչապետը ներկայացրեց Հայաստանում որոշ ապրանքների գների բարձրացմանը զուգահեռ դրանց հակակշիռ հանդիսացող ապրանքների գների նվազման դեպքերը, ինչը հանգեցրել է ընդհանուր 2.6 տոկոս գնաճի: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հարցին, Վաչե Գաբրիելյանն ընդգծեց, որ գնաճը վերաբերվում է սպառողական զամբյուղին, իսկ սպառողական զամբյուղն ընդգրկում է լայն սպառման ապրանքները և արտացոլում է ազգաբնակչության սպառումը:

«Երբ մենք ունենք առանին ապրանքների թանկացումներ, որոնք ոչ ցանկալի երևույթ են, միևնույն ժամանակ մենք ունենք գների նվազում մի շարք ապրանքների մասով: Ես նշեմ մի քանիսը, որոնք հակակշռում են թանկացած ապրանքներին, ինչի արդյունքում մենք ունենք 2.6 տոկոս գնաճ:  Հավի մսի գինը նվազել է 22 տոկոսով, ձեթի գինը՝ 5 տոկոսով, բարձր տեսակի ալյուրի գինը՝ 6 տոկոսով, ոսպի գինը՝  37 տոկոսով, հնդկաձավարի գինը՝ 52 տոկոսով, թթվասերի գինը՝ 4 տոկոսով և այլն: Սրանք ևս լայն սպառման ապրանքներ են, այս ապրանքների գները նվազել են և հակակշիռ  են հանդիսանում թանկացած ապրանքներին, որի արդյունքում մենք ստանում ենք 2.6 տոկոս գնաճ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց փոխվարչապետը:

Վաչե Գաբրիելյանը նաև հայտնեց, որ բենզինի, դիզվառելիքի և սեղմած գազի շուկաներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս ապրանքատեսակների մասով թանկացումները, որոնք կապված են Հարկային օրենսգրքով այդ ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերի  բարձրացման հետ, սպասվածից շատ չեն եղել: «Ստուգումներ են անցկացվել բոլոր գազալցակայաններում, ինչի արդյունքում միայն 7 գազալցակայանում է սեղմած գազի գինը 210 դրամի փոխարեն 220 դրամ եղել: Տվյալները փոխանցվել են տնտեսական մրցակցության պետական պաշտպանության կոմիտե, ինչից հետո այդ գազալցակայաններում ևս սեղմած գազի գինը սահմանվել է 210 դրամ»,- եզրափակեց  Վաչե Գաբրիելյանը՝ շեշտելով, որ այս ոլորտներում տնտեսվարողների կողմից հարստահարման դեպքեր չեն գրանցվել:

Share