Տնտեսական | 20:25 19/01/18

Վահան Մարտիրոսյանն ընդունել է բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 19-ին ընդունեց միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին՝ Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանի գլխավորությամբ։

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ֆինանսների նախարարության և ՊԵԿ պաշտոնյաներ։

Բեռնափոխադրողները նախարարին ներկայացրին այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնք առաջ են եկել ՀՀ հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների արդյունքում: Դրանք հիմնականում առնչվում են գործուղմանը, վառելիքին, ճանապարհային վճարների չափին և այլ թեմաների։ Նրանք նաև նշված խնդիրների հնարավոր լուծումներ առաջարկեցին։

Առաջարկներից մեկն այն էր, որպեսզի հարկային վճարումներն իրականացվեն ամսական կտրվածքով՝ հաշվի առնելով, որ բեռնափոխադրումները հիմնականում սեզոնային են։

Խնդիրներն առավել հանգամանորեն պարզաբանելու, դրանց լուծման հնարավորությունները քննարկելու և ավելի կոնկրետ մեկնաբանություններ ստանալու նպատակով առաջիկա օրերին հանդիպում-քննարկում տեղի կունենա ՊԵԿ-ում։

Facebook Linkedin Twitter Google+