Տնտեսական | 14:13 24/01/18

Սպառողին այլևս պատահական միս չի հասնի

«Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրով» ամբողջ հանրապետությունը կապահովվի սպանդանոցային ցանցով

Կառավարության ծրագրից բխող պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ժամանակացույցով սպանդանոցային մորթին անցում ապահովելու նպատակով  ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ իրականացվում է «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիր»:

Ծրագրի շրջանակում ամբողջ հանրապետությունը կապահովվի սպանդանոցային ցանցով՝ էականորեն բարելավելով սննդամթերքի անվտանգության պայմանները:  Կառուցվող 21 նոր սպանդանոցները կգործեն  արդեն հուլիսից: Եթե հաշվի առնենք, որ ստացվել են նաև սպանդանոցներ կառուցելու լրացուցիչ հայտեր՝ ակնկալվում է, որ հանրապետությունում  նորմը պարտադիր դառնալուն զուգահեռ կսկսի գործել առնվազն 71 սպանդանոց, գնահատված անհրաժեշտ քանակը 40-70 է՝ կախված հզորությունից:

Պարտադիր սպանդանոցային մորթի կիրառումը հնարավորություն կընձեռի գյուղատնտեսական կենդանիների մորթն իրականացնել սանիտարական պահանջներին համապատասխան, թույլ կտա ազգաբնակչությանը մատակարարել անվտանգ միս և մսեղիք, որը կբարձրացնի  երկրում արտադրվող մսի և մսամթերքի անվտանգությունը:

Գործարարները վստահեցնում են՝  պարտադիր սպանդանոցային մորթին անցում կատարելուց հետո հանրապետությունում մսի գնանկում կդիտվի, քանի որ  մրցակցության դեպքում իրենցից յուրաքանչյուրը կձգտի առավել մատչելի և ձեռնտու տարբերակներ առաջարկել, ինչն էլ իր հերթին կազդի մսի գնի վրա:

Facebook Linkedin Twitter Google+