Բաժին. Տնտեսական

2018 թ հունվարին Հայաստանում արտահանումն աճել է 45.2%-ով

2018թ. հունվար ամսին Հայաստանի և գործընկեր-երկրների միջև առևտրային գործառնությունների ընդհանուր ծավալը կազմել է 0.5042 մլրդ ԱՄՆ դոլար: 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 47.6%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամսում գործընկեր-երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 0.1508 մլրդ ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2018թ. հունվարին Հայաստանն արտահանել է 0.1767 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 0.3275 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում տարեկան աճը կազմել է մոտ 45.2%, իսկ ներմուծման ոլորտում՝ 48.9%:

Նշենք նաև, որ 2017 թվականին մեր երկիրն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 6.4256 մլրդ դոլարի առևտուր: 2016 թվականի համեմատ ցուցանիշն աճել է 26.9%-ով:

Share