Տնտեսական | 16:37 07/03/18

Սուրեն Կարայանին ներկայացվել է Հայաստանում նորարարության զարգացման նոր ռազմավարությունը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում այսօր նախարար Սուրեն Կարայանին է ներկայացվել Հայաստանում նորարարության զարգացման նոր ռազմավարության վերաբերյալ շնորհանդեսը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Տիգրան Խաչատրյանը, նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Էվա Նեհերը, ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Հայաստանում նորարարության զարգացման նոր ռազմավարությունը մշակվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության աջակցությամբ ներգրավված տեղական և միջազգային փորձագետների հետ համատեղ:

Մասնավորապես, շնորհանդեսի շրջանակում ներկայացվել են Հայաստանում նորարարության ոլորտի զարգացման տեսլականը, ՀՀ նորարարական էկոհամակարգի ուժեղ և թույլ կողմերը, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ առաջարկվող լուծումները, նորարարության ոլորտի զարգացման ուղիները, մոդելները, գործիքակազմն ու մեխանիզմները:

Նախարար Կարայանը կարևորել է Հայաստանում նորարարության զարգացման նոր ռազմավարության մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքը` հաշվի առնելով նորարարության ոլորտի նշանակալի դերակատարումը տնտեսության մրցունակության և արտադրողականության մակարդակի բարձրացման, արտադրության նոր ուղղությունների զարգացման գործում:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Էվա Նեհերը նշել է, որ Հայաստանում առկա է զգալի ներուժ նորարարության ոլորտի զարգացման համար և որ Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպությունը պատրաստ է շարունակել աջակցությունն այս ոլորտում էական արդյունքների արձանագրման համար:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ռազմավարության մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները` հաշվի առնելով հանդիպման ընթացքում ներկայացված առաջարկությունները:

Facebook Linkedin Twitter Google+