Բաժին. Տնտեսական

Քննարկվել են հայ-չինական համատեղ ծրագրերի հեռանկարները

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր՝ մարտի 15-ին, հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է էներգետիկայի և ենթակառուցվածքների բնագավառներում հայ-չինական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում, մասնավորապես, կարևորվել են վերականգնվող էներգետիկայի, հանքարդյունաբերության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները։

Զրուցակիցները վերահաստատել են երկկողմ հարաբերությունների շարունակական ընդլայնումն ու ակտիվացումը և նշել, որ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել՝ ուղղված տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ու առկա մեծ ներուժի իրացմանը:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման ծրագրի իրականացման շուրջ:

Հանդիպման ավարտին դեսպան Էրլունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և  նշել, որ դեսպանությունը պատրաստակամ է աջակցել երկու երկրների միջև հնարավոր ծրագրերի իրականացման գործընթացներին:

Share