Բաժին. Տնտեսական

«Հանդիպում» հայկական տեքստիլի հետ. «TextilLegProm»-ը միջազգային մատակարարների համար օր է նշանակել

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ թեթև արդյունաբերության ոլորտի 5 ընկերություն միասնական տաղավարով մարտի 20-23-ը Մոսկվայում մեր երկիրը ներկայացնում են «TextilLegProm» միջազգային ցուցահանդեսում։ «ՏեքստիլԼեգՊրոմը» տարեկան 2 անգամ անցկացվող տոնավաճառ-ցուցահանդես է, որտեղ աշխարհի 25 երկրից ավելի քան 2000 ընկերություն ներկայացնում է տեքստիլ արտադրանք և թեթև արդյունաբերության սարքավորումներ։ Այն իր 42 000 քմ տարածքով համարվում է աշխարհի ամենամեծ 50 ցուցահանդեսային միջոցառումներից մեկը։

«TextilLegProm»-ը միջազգային մատակարարների, միջին և խոշոր գնորդների համար հայաստանյան արտադրողների հետ բիզնես հանդիպում է կազմակերպել, որին «Լենտեքս», «Ալեքս տեքստիլ», «Արշալույս», «Մոսինի» և «Սարտոն» ընկերությունները կներկայացնեն արտադրական կարողությունները և արտահանման ենթակա նմուշները։ Բացի այդ, 50-րդ հոբելյանական ցուցահանդեսի կատալոգը կներկայացնի Հայաստանի տեքստիլ ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները։

«Որևէ երկրի արտադրողների հետ հատուկ հանդիպման կազմակերպումը բացառիկ միջոցառում է միջազգային էքսպոյի շրջանակում, որը հայաստանյան արտադրողների բանակցային հնարավորությունները պարզապես բազմապատկում է։ Վստահաբար, որոշիչ է եղել հայաստանյան տեքստիլ ոլորտի արագ աճն ու արտահանման ներուժը»,- նշել է ՀԶՀ Միջազգային համագործակցության թիմի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։

«ՏեքստիլԼեգՊրոմը» գործնական պայմանավորվածությունների արդյունավետ հարթակ է. անցած տարվա 2 ցուցահանդեսների ընթացքում հայաստանյան արտադրողներն ավելի քան 730 միլիոն դրամի արտահանման պայմանագրեր են կնքել։

Share