Բաժին. Տնտեսական

ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի համար ռուսական 270 մլն դոլարի վարկի վերադարձը կհաշվարկվի էլեկտրաէներգիայի սակագնում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 20-ի որոշմամբ Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման նպատակով ռուսական 270 միլիոն դոլարի վարկի վերադարձը կապահովվի էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկում ներառելու միջոցով: Հանձնաժողովը սահմանել է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի իրականացմանն ուղղված ներդրումային ծրագրի շրջանակում ներգրավվելիք միջոցների վերադարձը կապահովվի էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության սակագնի հաշվարկում դրանց սպասարկման և մարման ծախսերը ներառելու միջոցով` ըստ ենթավարկային պայմանագրում ամրագրված պայմանների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման» ծրագրի շրջանակում իրականացվող ներդրումների մասին հարցը:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև 2015 թվականի փետրվարի 5-ին կնքված համաձայնագրի և ՀՀ կառավարության և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության միջև 2015 թվականի հունիսի 22-ին կնքված ենթավարկային պայմանագրի համաձայն ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրել է 270 000 000 (երկու հարյուր յոթանասուն միլիոն) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման նպատակով։

ՀՀ կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի «Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացվող «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված միջոցառումների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանին հավանություն տալու և դրանից բխող միջոցառումների իրականացման մասին» որոշումներով հաստատվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված միջոցառումների իրականացման ծրագիրը և հավանություն տրվել ներդրումային պլանին։

Share