Բաժին. Տնտեսական

Լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվել է 245 միավոր գյուղատնտեսական տեխնիկա

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում 01.04.2017-31.05.2018թ. ժամանակահատվածում գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել թվով 115 լիզինգառուի (շահառուի), որոնց տրամադրվել է 245 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում 103 միավոր տրակտոր, 2 միավոր կոմբայն և 140 միավոր այլ գյուղտեխնիկա: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Միայն 2018 թվականի 5 ամիսներին գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել թվով 47 լիզինգառուի (շահառուի), որոնց տրամադրվել է 81 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում 35 միավոր տրակտոր և 46 միավոր այլ գյուղտեխնիկա:

Ստորագրվել է հուշագիր ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի և ծրագրի մասնակից ներքոնշյալ ֆինանսական կառույցների միջև.

-«Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ («ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ»),

– «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԿ» ՓԲԸ,

– «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ

– «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ» ԱԿ:

Ծրագրի մասնակից գյուղատնտեսական տեխնիկայի մատակարար կազմա-կերպություններն են

– «ՍՊԵՑՄԱՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,

– «Հրաշք Այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,

– «Մոտոբլոկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,

– «Գալոպեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,

– «ՔԱՐԴ ԱգրոՍերվիս» փակ բաժնետիրական ընկերություն:

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության պայմաններն են. 20% կանխավճար, լիզինգի տարեկան մինչև 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է, կոմբայնների համար` 10 տարի մարման ժամկետ, տրակտորների համար` 6 տարի, հավաքիչ-մամլիչների, շարքացանների համար` 3-6 տարի, այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար` 3 տարի մարման ժամկետ:

Լիզինգի գործընթացը իրականացվում է ըստ ամիսների՝ մայր գումարի հավասարաչափ վճարման եղանակով, լիզինգի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի հաշվով, ընդ որում լիզինգառուի խնդրանքով բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից կարող են սահմանվել վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 6 ամիս ժամկետով:

Լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին տրամադրվում են տրակտորներ, կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլա-քանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, սրսկիչներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա:

Share