Բաժին. Տնտեսական

Մենք հույս ունենք, որ ԵԱՏՄ շուկայում կհասնենք արդյունաբերական արտադրանքի արտահանման աճին․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շուկայում կարող է անվերջ արտահանում իրականացնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունն առևտրային հարաբերություններում իսկապես ոչ մի սահմանափակում չունի:

«Այն շատ մեծ դաշտ է, այնտեղ շատ մեծ ներուժ կա: Հայաստանը կարող է անվերջ արտահանում իրականացնել, և մենք այդ ուղղությամբ պետք է աշխատենք: Փաստացի մեզ մոտ հիմա շատ բարձր տեմպերով աճում է գյուղատնտեսական մթերքների արտահանումը, և մենք հույս ունենք, որ կհասնենք արդյունաբերական արտադրանքի արտահանման աճին: Մենք հույս ունենք նաև, որ կավելանան զբոսաշրջային հոսքերը Ռուսաստանից և Եվրասիական տնտեսական միության այլ երկրներից դեպի Հայաստան»,- ընդգծել է Փաշինյանը:

Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է տեսնում համագործակցությունը պաշտոնական Երևանի և Թբիլիսիի միջև, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն ընդհանուր սահման չունի Եվրասիական տնտեսական միության հետ, և բոլոր ապրանքներն անցնում են Վրաստանի տարածքով, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի Վրաստանի հետ:

«Իմ վերջին այցը Վրաստանի մայրաքաղաք  շատ հաջող էր եղել: Մենք, իհարկե, կաշխատենք Վրաստանի նոր կառավարության հետ, և համոզված եմ, որ մեր հարաբերությունները շատ լավ կզարգանան, քանի որ, բոլորը շահագրգռված են դրանում,  և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը»,- ասել է  Փաշինյանը:

Share