Բաժին. Տնտեսական

Ստորագրվեց «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման համաձայնագիրը

Հուլիսի 18-ին  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» (Fotowatio Renewable Ventures B.V.) ընկերության տնօրեն Նիկոլա Ֆասքուելը համատեղ ստորագրեցին  «Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տիրապետման և շահագործման մասին» ՀՀ կառավարության աջակցության համաձայնագիրը: Այս մասին «Բիզնես 24» տեղեկացավ նախարարի ֆեյսբուքյան էջից։

«Մեր գործընկերներին մաղթել եմ ծրագրի իրականացման հաջող ընթացք և հույս հայտնել, որ առաջիկայում վերականգնվող էներգետիկայի ոլորտում հաջողություն արձանագրելու և հպարտանալու ևս մեկ առիթ կլինի:

«Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» ընկերության տնօրենը շնորհակալություն հայտնեց աջակցության և կառուցողական աշխատանքի համար: Նիկոլա Ֆասքուելը վերահաստատեց թափանցիկ գործընկերությունը շարունակելու պատրաստակամությունը և համոզմունք հայտնեց, որ ծրագրի իրականացման հետագա փուլերը ևս հաջողությամբ կընթանան:

Հիշեցնեմ, որ մրցույթի արդյունքում նվազագույն սակագնի առաջարկը ստացվել է Նիդերլանդներից «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» (Fotowatio Renewable Ventures B.V) և Իսպանիայից «ԷֆԷսԷլ Սոլար Էս.Էլ.» (FSL Solar S.L.) համաշխարհային առաջատար ընկերություններից կազմված կոնսորցիումի կողմից: Առաջարկվող սակագնի չափն է 0.0419 ԱՄՆ դոլար՝ առանց ԱԱՀ-ի (մոտ 20 դրամ)», – գրված է Արթուր Գրիգորյանի ֆեյսբուքյան էջում:

Share