Բաժին. Տնտեսական

Տիմուր Ժակսիլիկովի նախագահությամբ ՀՀ գործարար համայնքի հետ հանդիպում է տեղի ունեցել

Սեպտեմբերի 19-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Տիմուր Ժակսիլիկովի նախագահությամբ, տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի հետ։ Հանդիպմանը մասնակցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Իր ներածական խոսքում Հակոբ Ավագյանը շնորհակալություն է հայտնել Տիմուր Ժակսիլիկովին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցներին Հայաստան կատարած այցի և Հայաստանի գործարար շրջանակների կողմից բարձրացրած խնդիրները համատեղ քննարկելու պատրաստակամության համար։ Փոխնախարարը նշել է, որ մշտապես կարևորել է երկխոսությունը բիզնեսի հետ և հավաստիացրել, որ նախարարությունը հետևողական կլինի գործարարների կողմից ներկայացվող խնդիրների լուծման հարցում։

Տիմուր Ժակսիլիկովը նույնպես կարևորել է բիզնեսի հետ երկխոսությունը, նշելով, որ խնդրահարույց հարցերի վերաբերյալ որոշումներ չեն կարող կայացվել առանց ԵԱՏՄ անդամ պետությունների բիզնեսի կարծիքը հաշվի առնելու և հավելել, որ հայկական բիզնեսի ձայնը լսելու համար են եկել Հայաստան։ Նա տեղեկացրել է նաև, որ նման հանդիպումներ արդեն եղել են Աստանայում և Մինսկում, հաջորդը նախատեսվում է Բիշկեկում։ Տիմուր Ժակսիլիկովը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալները, որոնց համաձայն, բիզնեսի առաջարկների 65 տոկոսը հանձնաժողովը հաշվի է առնում որոշումներ կայացնելու ժամանակ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատմանը, ծառայությունների միասնական շուկայի գործունեությանը, մտավոր սեփականությանը, հարկմանը, աշխատանքային միգրացիային և սոցիալական պաշտպանվածությանը վերաբերող, ինչպես նաև այլ արդիական խնդիրներ, որոնք գտնվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասության ներքո։

Քննարկման ենթակա հիմնական հարցերն էին․

1. Մաքսային կանոնակարգման (այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ապրանքի մաքսային փոխադրման) խնդիրները:

2. Հարկային վարչարարության խնդիրները (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրում ԱԱՀ վճարման հաստատման կարգի վերաբերյալ):

3. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների ազատ տեղաշարժի խոչընդոտների վերացման խնդիրները (հաղորդակցության տեխնիկական կարգավորման, անասնաբուժական և սանիտարական միջոցառումների կիրառման, ինչպես նաև ոսկերչական ոլորտի կարգավորման ոլորտներում):

4. Եվրասիական տնտեսական միության ծառայությունների միասնական շուկայի ձևավորման և զարգացման շրջանակներում ծառայությունների և գործունեության առևտրի խնդիրները:

5. Աշխատանքի ազատ տեղաշարժի խոչընդոտների վերացման խնդիրները:

Նիստից առաջ Տիմուր Ժակսիլիկովը և Հակոբ Ավագյանը հակիրճ մեկնաբանություններ են տվել ԶԼՄ ներկայացուցիչներին ԵԱՏՄ շրջանակում հանագործակցության վերաբերյալ և պատասխանել լրագրողների հարցերին։

Share