Բաժին. Տնտեսական

Հայաստանի 4 մարզում տեղի են ունեցել Town Hall ձևաչափով աշխատաժողովներ

Հայաստանի 4 մարզում՝ Արմավիրում, Գեղարքունիքում, Վայոց ձորում և Շիրակում օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել Town Hall ձևաչափով աշխատաժողովներ, որոնց նպատակն էր վերհանել գյուղատնտեսության ոլորտի հիմնահարցերը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ գյուղատնտեսության մամուլի ծառայությունից։

Աշխատաժողովին մասնակցել է 309 ներկայացուցիչ, ովքեր ներգրավված են գյուղատնտեսության տարբեր արժեշղթաներում՝  ֆերմերներ, գյուղատնտեսական կոոպերատիվների անդամներ, մարզպետարանի և «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի» մարզային կառույցի, սննդի անվտանգության պետական տեսչության ներկայացուցիչներ:

Հանդիպումները նախաձեռնել էին Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ՝ «Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ենթադրամաշնորհային ծրագիրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում:

Աշխատաժողովները մեկ հարկի տակ համախմբել է  նշյալ մարզերում գյուղատնտեսության ոլորտի շահագրգիռ կողմերին, ովքեր բարձրաձայնել են ոլորտում առկա մի շարք հիմնահարցերի մասին: Իսկ Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում անցկացված աշխատաժողովի մասնակիցներին հանդիպել է նաև գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, որտեղ մասնակիցները իրենց հուզող հարցերն ուղղեցին նախարարին՝ բարձրաձայնելով ոռոգման ջրի, բուժանյութերի, գյուղատնտեսական վարկերի, գյուղտեխնիկայի և կոոպերատիվների հետ կապված հիմնախնդիրներ:

«Այս հանդիպումների նպատակն էր հենց ոլորտի ներկայացուցիչներից լսել իրենց խնդիրները, իսկ ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր մարզում առավել քան 300 առաջարկ – խնդիր է հավաքագրվել մեր գործընկեր Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետների կողմից: Դրանք կմշակվեն մեր փորձագետների կողմից և որպես հայեցակարգային փաստաթղթեր կներկայացվեն կառավարությանը և այլ շահագրգիռ կողմերին»,- նշել է «Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ենթադրամաշնորհային ծրագրի համակարգող Վադիմ Ուզունյանը:

Նշենք, որ վերհանված խնդիրները կամփոփվեն և հիմք կհանդիսանան հոկտեմբերին 24 նախատեսված «Համապետական ֆերմերական կոնգրեսի» համար, որտեղ Կառավարության և Ազգային ժողովի համապատասխան ներկայացուցիչներին կներկայացվեն վերհանված խնդիրները:

Share