Բաժին. Տնտեսական

Եվրոպական միություն-Հայաստան Գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով անդրանիկ նիստը՝ Երևանում

Սեպտեմբերի 25-ին Երևանում կայացել է Եվրոպական միություն-Հայաստանի Հանրապետություն գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով առաջին նիստը:

ԵՄ-ՀՀ առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի համանախագահներն են. հայկական կողմից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, Եվրամիության կողմից` Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի պետ Պետրոս Սուրմելիսը:

Նիստին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Մանե Ադամյանը և Պետրոս Սուրմելիսը, ողջունելով նիստի մասնակիցներին, կարևորել են առաջին պաշտոնական հանդիպումը նոր ձևաչափով և հույս են հայտնել, որ նիստի ընթացքում կծավալվի արդյունավետ և փոխշահավետ աշխատանք։ Համանախագահները ներկայացրել են առևտրի և ներդրումների ոլորտում վերջին ժամանակաշրջանի միտումները:

Նիստի ընթացքում կողմերը քննարկել են հարցեր, որոնք ներառված են ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) առևտրի և առևտրին առնչվող հարցերի վերնագրի ներքո: Մասնավորապես` ապրանքների և ծառայությունների առևտուր, մաքսային ոլորտ, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, մտավոր սեփականության իրավունքներ, մրցակցություն և պետական գնումներ: Կողմերը կքննարկեն ՀԸԳՀ առևտրին առնչվող գլուխների իրականացման միջոցառումները (ճանապարհային քարտեզներ):

Օրակարգում ներառված են նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի դիտանցմանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Լրացուցիչ տեղեկատվություն

2017թ. նոյեմբերի 24-ին Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև կնքվեց «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը (Համաձայնագիր), որի հիմնական դրույթները պայմանական ուժի մեջ են մտել 2018 թ. հունիսի 1-ից։

Համաձայնագրի 363-րդ հոդվածի համաձայն, ստեղծվել է Գործընկերության կոմիտե։ Գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով նիստերը տեղի են ունենում առնվազն տարին մեկ անգամ:

Share