Բաժին. Տնտեսական

Հայկական պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ագրոսալոն-2018» միջազգային ցուցահանդեսին

Հոկտեմբերի 10-12-ը ՌԴ-ում գտնվող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատար Հակոբ Ավագյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Ագրոսալոն-2018» միջազգային ցուցահանդեսին։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։

Ռուսական գյուղատնտեսական տեխնիկայի արտադրող ընկերությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալության կենտրոն հիմնելու պետություն-մասնավոր հատված բիզնես մոդելի հնարավորությունները:

Այցի շրջանակում ՏԶՆ նախարարի տեղակալի պաշտոնակատար Հակոբ Ավագյանը հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Վերոնիկա Նիկիշինայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր՝ կապված հոկտեմբերի 22-24-ը Երևանում կայանալիք «Եվրասիական տնտեսական շաբաթ» ցուցահանդեսի հետ։

ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի սկսնակ գործարարների աջակցության գործիքները հասանելի դարձնելու այն հայ երիտասարդների համար, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք և բիզնես սկսել:

ՌԴ-ում առևտրային կցորդ Կարեն Ասոյանի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելի կազմակերպված և միասնական աշխատել, հասցեական աջակցություն ցուցաբերելու համար հայկական ապրանք արտադրողներին ռուսական շուկա մուտք գործելու, նրանց ապրանքները ճանաչելի դարձնելու հարցերում: Հայկական գյուղմթերք արտահանողներին էլ կաջակցեն ԵԱՏՄ արտահանելու հասցեատեր իրավաբանական անձ ունենալու և լոգիստիկ խնդիրները լուծելու հարցերում:

Share