Բաժին. Տնտեսական

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները խիստ անհրաժեշտ են տնտեսության համար

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն սեպտեմբերի վերջի դրությամբ տարբեր ընկերությունների կողմից 26-28 հազար աշխատանքի ընդունման հայտ է ստացել.  այսինքն՝ այդքան աշխատակիցներ աշխատանքի են ընդունվել տարբեր ձեռնարկություններում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Այս գործընթացը պայմանավորված է եղել զարթոնքային իրավիճակով, բայց նաև շեշտում եմ, որ տնտեսական քաղաքականության ուրվագծված տեսլական կառավարությունը դեռևս հանրությանը չի ներկայացրել՝ հայտնի հանգամանքներից ելնելով: Հարկային օրենսդրության փոփոխությունների հետ կապված հստակ նախագիծը դեռ հանրությանը վերջնական չի ներկայացվել: Այս պարագայում տնտեսությունը կանգառ է վերցրել: Եթե մենք առաջիկայում այդ տեսլականը, մեր մտադրությունները փաստաթղթի տեսքով չներկայացնենք հանրությանը, ես նույնիսկ կասկած ունեմ, որ տնտեսական աճը ոչ միայն կկանգնի, այլև ռեգրեսի կգնա: Անընդհատ հեղափոխական իրավիճակը տնտեսությունը ոչ թե խթանում է, այլ հետ է տանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Դավիթ Անանյանը: Նա նշեց, որ վարչապետի հետ խոսել է այս թեմայով: Դավիթ Անանյանն ընդգծեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները խիստ անհրաժեշտություն են:

«Արտահերթ ընտրությունները, որքան շուտ լինեն, այնքան ներդրողների համար իրավիճակը կլինի հասկանալի, և տնտեսությունը կսկսի շնչել»,-հավելեց Դավիթ Անանյանը:

Share