Բաժին. Տնտեսական

Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտի ձևավորելու առաջին քայլն արված է

Հայաստանում այս փուլում տեղի է ունենում քաղաքական և տնտեսական համակարգի խորը տրանսֆորմացիա,  ձևավորվում է ակտուալ տնտեսական և քաղաքական օրակարգ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի  պլենար նիստի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ակնհայտ է, որ դրանք ձևավորվում են նաև՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության ներուժը: Ես կարծում եմ, որ այս համաժողովը լավ հարթակ է ինտեգրացիոն գործընթացի ընթացիկ արդյունքներն ամփոփելու համար՝ հատկապես Միության խորհրդի նախագահությունը Հայաստանին փոխանցելու նախաշեմին: Մենք արդեն սկսել ենք հարցերի քննարկումները, որոնք մտադիր ենք առաջարկել որպես առաջնահերթություններ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընթացքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ համաժողովի ընթացքում հնարավորություն կլինի քննարկել ԵԱՏՄ շուկայում առկա խոչընդոտները, մշակել գործուն քայլեր դրանք վերացնելու ուղղությամբ: «Վստահ եմ, որ «Եվրասիական շաբաթ»-ը կդառնա այն հարթակը, որում կկնքվեն պայմանագրեր, կքննարկվեն հնարավոր համատեղ նախագծեր և կհաստատվեն նոր գործարար կապեր: Ուրախալի է, որ համաժողովին այսօր մասնակցում է ավելի քան 300 գործարար, որոնք պատրաստ են երկարաժամկետ համագործակցության եվրասիական գործընկերների հետ, ներդրումների ներգրավման, գործընկերության ու փոխգործակցության հաստատման: Այսքան գործարարների ներկայությունն ապացուցում է համաժողովի նկատմամբ մեծ հետաքրքրությունը և կոնկրետ որոշումների ձևավորման կարևորությունը»,- մանրամասնեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հատուկ ընդգծեց, որ Հայաստանը ցույց է տալիս առևտրի աճի կայուն տեմպեր և համագործակցություն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ: «Թվերը խոսում են այդ մասին: Հայաստանից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանման ծավալները 2018թ. հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 31.3 տոկոսով՝ կազմելով 351.9 միլիոն դոլար: «Ես ուրախ եմ արձանագրել, որ աճն արձանագրվում է գրեթե Միության անդամ բոլոր երկրների շուկաների հաշվին: «Սա խոսում է ոչ միայն տնտեսական ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության, այլ նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կայունության մասին, որն արդեն ակտիվորեն ազդում է Հայաստանի տնտեսական ակտիվության, ինչպես նաև արտահանման և արտահանման վրա»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Միևնույն ժամանակ, նա ուշադրություն դարձրեց մի շարք կարևոր հարցերի վրա: «Այս տարի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները և Իրանը ստորագրել են ժամանակավոր համաձայնագիր՝ որպես Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտի ձևավորելու առաջին քայլ: Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որը Իրանի հետ ցամաքային սահման ունի: Ընդհանուր սահմանի առկայությունը և Իրանի հետ ազատ առևտրի գոտու ձևավորումը լրացուցիչ խթան է հանդիսանում առևտրական և տնտեսական կապերի զարգացման համար: Մենք պատրաստ ենք դառնալ գործուն հարթակ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև հուսալի տնտեսական և առևտրային հարաբերությունների հաստատման համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կարևորում է, որպեսզի Միությունը շարունակի ազատ առևտրի գոտու ձևավորման շուրջ բանակցություններն այն երկրների հետ, որոնք տրամադրված են ԵԱՏՄ-ի հետ համագործակցության:

Share