Բաժին. Տնտեսական

Հակոբ Արշակյանը մասնակցել է «Տեխնոշաբաթ»-ի եզրափակիչ միջոցառմանը

Երևանի պետական պոլիտեխնիկական համալսարանում ամփոփվել է Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) և ՀԱՊՀ ուսանողական խորհրդի կազմակերպած «Տեխնոլոգիական շաբաթ 2018» միջոցառումը, որն իրականացվում էր բուհի 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը մասնակցել է տեխնոլոգիական շաբաթի փակման հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում ամփոփվել են նաև ստարտափ գաղափարների մրցույթի արդյունքները։

Հակոբ Արշակյանը ողջունել է ուսանողներին և կարևորել «Տեխնոշաբաթ» միջոցառման իրականացումը։ Մեկ շաբաթվա ընթացքում ուսանողները ոչ միայն հնարավորություն են ունեցել մասնակցելու վարպետության դասերի, սեմինարների, հետաքրքիր հանդիպում-քննարկումների, այլև «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում ծանոթացել են համալսարանում առկա ենթակառուցվածքներին, այցելել ՀԱՃԼ, Անօդաչու թռչող սարքերի և ՀԱՊՀ-Տաշիր-ՀԷՑ գիտահետազոտական կենտրոններ և Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ։

Հակոբ Արշակյանի խոսքով` նորարարական գաղափարների իրականացման գործում գլխավորը հենց գաղափարն առաջարկող և նորարարական միտքն իրագործելու ուղղությամբ աշխատող երիտասարդներն են։

Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ մրցույթին մասնակցող ուսանողները  դժվարություններից չեն նահանջի, և իրենց գաղափարները կվերածեն հաջողակ բիզնեսների` չմոռանալով, որ կարևորն այդ ճանապարհին այն հիմնարար գիտելիքներն են, որ իրենք հնարավորություն ունեն ստանալու բուհում։

Ստարտափ գաղափարների մրցույթում ներկայացված էր 9 թիմ, որոնք նախորդ շաբաթվա ընթացքում ոլորտի կայացած մասնագետների հետ աշխատել էին իրենց բիզնես նախագծերի վրա: 5 րոպեի ընթացքում նրանք ներկայացրին իրենց գաղափարն ու իրականացման պլանը, այնուհետև պատասխանեցին ժյուրիի անդամների հարցերին։

Մրցույթի ամփոփման արդյունքում ընտրվեցին երեք լավագույն թիմերը։ Առաջին տեղը զբաղեցրեց «SFA» թիմը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share