Բաժին. Տնտեսական

Հայաստանում ամենաէժան ջերմակայանը պատրաստ կլինի 26 ամսից

 Էներգետիկ շուկայի մոդելը կբարելավվի: Մեկ գնորդ-վաճառող մոդելից անցում կկատարվի առավել ազատական մոդելի։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Նա վստահեցրեց, որ ստեղծվելու է մրցակցային դաշտ:

«Ցանկացած օղակ պատասխանատու է լինելու իր առաջացրած խնդիրների համար։ Նոր շուկայի մոդելի արդյունքում նախատեսվում է ապահովել միջսահմանային առևտրի ավելացում, որը հնարավորություն կստեղծի ներմուծել ավելի էժան էլեկտրաէներգիա»,- ասաց նա։

Անդրադառնալով վերջին վեց ամսում կատարված աշխատանքներին՝ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ ստորագրվել է Երևանի ՋԷԿ-ի տարածքում նոր համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման համաձայնագիր։

«Բավական բարձր օգտակար գործողության գործակցով կայան է կառուցվելու, որը Հայաստանում ամենաէժան ջերմակայանն է լինելու: Կառուցման ընթացքը կտևի 26 ամիս: Էներգաբլոկը կունենա 250 աշխատող»,- հավելեց նա։

Անդրադառնալով Մասրիկի արևային կայանի կառուցման համաձայնագրին՝ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ նախատեսվում է 55-մեգավատանոց արևային կայանի կառուցում։ «Բավական մրցունակ գին է առաջարկվել՝ 4.19 ցենտ։ Եթե մի քանի տարի առաջ խոսում էինք, որ 80-100 դրամ պետք է լինի 1 Կվտ-ի սակագինը՝ արևային էլեկտրակայան կառուցելու համար, ապա այսօր ստացել ենք մրցութային առաջարկ՝ շուրջ 20 դրամ Կվտ-ի համար»,- նշեց նախարարի պաշտոնակատարը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում առավել շահավետ առաջարկներ կստացվեն:

Share