Բաժին. Տնտեսական

Դավիթ Անանյան․ Ավտոմեքենաների համար մաքսազերծման գործընթացում որևէ էական փոփոխություն չի եղել

Երրորդ երկրից Հայաստան ներկրված ավտոմեքենաների համար մաքսազերծման գործընթացում որևէ էական փոփոխություն չի եղել: Հարցի հետ կապված առաջացած դժգոհությունները զուտ տարընկալման արդյունք են: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Հանրության մոտ տպավորություն կար, որ հունվարի 1-ից երրորդ երկրից ներկրվող ավտոմեքենաների համար այլևս չեն կիրառելու ինվոյսային արժեքի գաղափարը: Եվ դա տարընկալման արդյունք էր: Մեկ անգամ ևս հաստատեմ, որ որևէ բան չի փոխվել: Մենք նախորդ տարի մայիսից  անցում կատարեցինք ինվոյսային արժեքի: Արդյունքում՝ 2018 թվականի երկրորդ կիսամյակից սկսած կարելի է ասել, որ 1 մեքենայի մաքսազերծման հարկային բեռը զգալիորեն նվազել է, որը արդյունք է նրա, որ ոչ թե մաքսային, այլ ինվոյսային արժեք ենք կիրառել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով, հունվարի 1-ից ոչինչ չի փոխվել, պարզապես ներմուծել են նոր գործիք: Անձինք, ովքեր մեքենա են ձեռքբերել դրում և ունեն արժանահավատ ինվոյս՝ ձեռք բերման փաստաթուղթ, որևէ խնդիր չունեն, այդ փաստաթղթի հիման վրա կատարվելու է մաքսային ձևակերպում:

«Պարզապես տեսեք, մեր քաղաքացիները, որպեսզի ունենային բարենպաստ արժեք մաքսային ձևակերպման համար, զանազան կազմակերպությունների միջոցով փորձում էին ձեռք բերել ոչ արժանահավատ ինվոյսներ: Մեր կայք էջում գործիք ներդրեցինք, որ քաղաքացին նման քայլի գնալուց առաջ, ներմուծելով իր մեքենայի համապատասխան տվյալները, ստանա այն արժեքը, որով ինվոյսի բացակայության պայմաններում Մաքսային ծառայությունն իրականացնելու է մաքսային ձևակերպումը: Շատ դեպքերում մենք զերծ ենք պահել մեր քաղաքացիներին ոչ արժանահավատ ինվոյսներ ձեռք բերելու առումով»,-ասաց Դավիթ Անանյանը:

ՊԵԿ նախագահը նշեց, որ անձը ներկայացնում է ավտոմեքենայի ձեռք բերման բոլոր փաստաթղթերը, ինվոյսը համեմատվում է հաշվիչի արժեքի հետ և եթե որևէ տարբերություն չկա մաքսային ձևակերպումը կատարվում է:

«Եթե ինվոյսն ավելի ցածր է քան հաշվիչի տվյալը, ապա այն ներկայացվում է համապատասխան վարչություն զննման համար: Եթե առերևույթ բան չի հայտնաբերվում, այդ դեպքում ևս մաքսային ձևակերպում կատարվում է ինվոյսի հիման վրա, բայց մի պայմանով, եթե դրանից հետո հետբացթողումային հսկողության շրջանակում ավելի կոշտ գործիքների կիրառմամբ ճշգրտվում է ինվոյսի արժանահավատությունը ու պարզվում է  խնդիրներ կան, ապա կիրառվում են պատասխանատվության միջոցներ»,-հավելեց նա:

Share