Բաժին. Տնտեսական

Նիկոլ Փաշինյան․ «Գազպրոմ Արմենիայի» հետ պայմանավորվել ենք, որ երկրում գազի գինը չի փոխվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտնել է, որ որ կառավարությունը ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ պայմանավորվել է՝ ՀՀ-ի համար գազի ներքին սպառման սակագինը չի փոխվելու․ «Գազպրոմը» գազ է վաճառում ոչ թե Հայաստանին, այլ «Գազպրոմ Արմենիային», ուստի մեր դերը միջնորդավորված է, սակայն մենք «Գազպրոմ Արմենիայի» հետ պայմանավորվել ենք, որ երկրում գազի գինը չի փոխվի»,-նշել է Փաշինյանը։

2018-ի դեկտեմբերի 31-ին ավարտվել է գազի գնի վերաբերյալ գործող պայմանագրի ժամկետը, որից հետո ՌԴ-ն բարձրացրել է գազի գինը սահմանին՝ 1000 խմ գազի դիմաց 150 դոլարից մինչև 165 դոլար: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով այդ իրողությանը, ասել է, որ սպառողների համար գազի գինը կմնա նույնը:

Նոյեմբերին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը գազի սակագնի նվազեցման շուրջ բանակցություններ է վարում ռուսական «Գազպրոմ» ընկերության, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարարության հետ:Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են վերանայել ՀՀ-ին տրվող գազի սակագինը, ստեղծել համապատասխան հանձնաժողով:Նա հավելել էր նաև, որ Իրանը Հայաստանին ավելի թանկ գնով է գազ առաջարկում, քան Ռուսաստանը:

Share