Բաժին. Տնտեսական

Արայիկ Հարությունյան. Պետական լուրջ ներդրումներ է պահանջում գյուղատնտեսությունը, Հայաստանում կա շուրջ 200,000 հեկտար չմշակված հող

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Հայաստանի տնտեսական զարգացման հեռանակարները» թեմայով դասախոսություն, որի բանախոսն էր Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Հանդիպման սկզբում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հյուրին դասախոսությամբ հանդես գալու նախաձեռնության համար:

«Այս դասախոսությունը, որը նաև որպես բաց նամակ ուղարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նպատակ ունի տնտեսական աճին վերաբերող խնդիրներին լուծումներ առաջարկել»,- նշեց ֆակուլտետի դեկանը:

Այնուհետև ելույթով հանդես եկավ Արայիկ Հարությունյանը, որն իր դասախոսությունը սկսեց երջանկության ինդեքսի ցուցանիշների ներկայացմամբ:

«Մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ Հայաստանը 16 կետով բարելավվել է իր տեղը, բայց  գտնվում է 116-րդ տեղում,- նշեց բանախոսը,- արդյո՞ք մեր երազած երկիրն այն է, որը գտնվում է  100-ից այն կողմ»:

Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ նախկին վարչապետն անդրադարձավ «Նավթային գործոնի դերն արցախյան և տարածաշրջանային խնդրում» թեմային՝ շատերի մոտ հարց առաջացնելով, թե ինչ կապ ունի նավթն Արցախի հետ:

«Այդ ժամանակ արդեն ավարտվում է Բաքու-Թիֆլիս-Ջեյհան նավթամուղի կառուցումը, որով պետք է ադրբեջանական նավթ արտահանվեր,- մեկնաբանեց բանախոսը,- մենք ունեինք տվյալներ, որ 2010 թվականը լինելու էր նավթի արդյունահանման պիկը, և Ադրբեջանը դրա շնորհիվ ձեռք էր բերելու շատ մեծ ֆինանսական ռեսուրսներ: Ես դեռևս այն ժամանակ  ունեի  տնտեսական վերլուծության արդյունքում արած հայտարարություն,  ըստ որի՝ մենք 2014-2016 թվականին ունենալու ենք պատերազմի հավանականություն»:

Բանախոսը նկատեց, որ արդեն Ապրիլյան պատերազմին ժամանակ բոլորին պարզ դարձավ, որ 21-րդ դարի պատերազմն առաջին հերթին տնտեսական բնույթ ունի:

Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահի ձայնի տեմպը փոխվում է՝ ըստ նավթի գնի:

«Ինչքան էլ խոսենք կոնֆլիկտի քաղաքական կողմի մասին, առաջիկա 10-15 տարում այն դժվար ստանա իր տրամաբանական լուծումը, և մեր խնդիրն է այս ընթացքում պատերազմից խուսափել՝ գրանցելով տնտեսական աճ: Չպատերազմելու միակ տարբերակը ՀՀ տնտեսական աճի ապահովումն է՝ առնվազն 8 տոկոսով»:

Խոսելով տնտեսական աճի եղանակներից՝ Արայիկ Հարությունյանը փաստեց, որ առաջին ուղին ներդրումներն են՝ ուղղակի, թե անուղղակի:

«Մենք չպետք է վախենանք արտաքին պարտքի ավելացումից, եթե այն ներդրումների ավելացմանն է միտված»,- շեշտեց բանախոսը,- «իհարկե, այստեղ կարող է առաջանալ նաև վստահության խնդիր, բայց եթե պետությունը չի կարող նմանօրինակ ծրագրեր վերահսկել, ապա ո՞ւմ է պետք այդ պարտքի գոյությունը»: 

Բանախոսը ներկայացրեց շատ զարգացած և գերհզոր երկրների օրինակներ, որոնք ունեցել են և ունեն բյուջեի դեֆիցիտ, բայց միևնույն ժամանակ գրանցել են տնտեսական աճ:

«Իհարկե, հասկանալի է, որ մեր ունեցած ռեսուրսները համեստ են, բայց մյուս կողմից՝ պետք է հասկանալ, որ տնտեսական  բարեփոխությունները համարձակություն են պահանջում, և այդ ճանապարհին մենք չպետք է վախենանք բյուջեի դեֆիցիտ ասվածից»:

Արայիկ Հարությունյանն Արցախում իրականացրած մի քանի պետական ծրագրերի օրինակներ ներկայացրեց, որոնք, շնորհիվ ենթակառուցվածքներում արված պետական ներդրումների, հաջողություններ են գրանցել:

«Մենք ունենք ենթակառուցվածքները զարգացնելու խնդիր: Մեզ մոտ պետական լուրջ ներդրումներ է պահանջում գյուղատնտեսությունը: Հայաստանում կա շուրջ 200.000 հեկտար չմշակված հող: Պատճառը գյուղացու ծուլությունը չէ, պարզապես նրա արտադրանքը մրցունակ չէ: Մենք պետք է չվախենանք պարտքերի միջոցով գյուղատնտեսական նոր տեխնիկա և սարքավորումներ ձեռք բերելուց: Միայն այդ դեպքում գյուղացու արտադրանքը մրցունակ կլինի»:

Մամուլում տարածում ստացած այն տեսակետին, թե նոր իշխանությունները պետք է քչացնեն արտաքին պարտքը, բանախոսը հակադարձեց՝ ասելով, որ դա չի կարող տնտեսական լուրջ վերլուծություն լինել:

«Արտաքին պարտքի ավելացումը պետք է միտված լինի ՀՆԱ-ի աճին: Նոր իշխանությունների խնդիրն է պետական լծակների արդյունավետ օգտագործմամբ ստեղծել ներդրումային ծրագրեր, որոնք կարող են գրավել նաև օտարերկրյա ներդրողներին: Պարտքից ոչ թե պետք է վախենալ, այլ պետք է այն եկամուտի վերածել»:

Հանդիպման վերջում Արայիկ Հարությունյանը պատասխանեց ուսանողների, դասախոսների և լրագրողների հարցերին:

Share