Բաժին. Տնտեսական

«Արմաթ»-ի երեք ամիս աշխատավարձ չստացած խմբակավարները կստանան իրենց վարձատրությունը

Կառավարությունը 1 տարի ժամկետով 352 միլիոն 226 հազար դրամ դրամաշնորհ հատկացրեց «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպությանը՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների բնականոն գործունեությունն ապահովելու համար:

 Այժմ հանրապետությունում գործում են 260 լաբորատորիաներ, որոնց թիվն այս տարի նախատեսվում է ավելացնել 162-ով:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ անցած նիստին այս հարցը քննարկել են և որոշում է կայացվել մեկ տարով դրամաշնորհ հատկացնել:

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ հարցը աշխատանքային կարգով էլ են քննարկել:

 «Տրամաբանությունը հետևյալն է, որ այս պահին լաբորատորիաների գործունեությունը կապահովենք, բայց մեր ուղերձը կլինի այնպես, որ ինչպես մնացած բոլոր ոլորտներում մենաշնորհային քաղաքականություն չենք վարում, այնպես էլ այս ոլորտում: Իհարկե, բնականոն ձևով համագործակցությունը կշարունակենք, բայց կառավարությունը բաց է նաև նոր առաջարկությունների համար», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը։

Կառավարության մարտի 21-ի նիստում «Արմաթ»-ի խմբակավարների աշխատավարձերի խնդրին անդրադարձել էր վարչապետը և պատասխանատուներից պահանջել խնդրի արագ լուծում տալ:

Share