Բաժին. Տնտեսական

Երկու նոր նամականիշ՝ նվիրված Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակին

Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախաձեռնությամբ՝ մարտի 26-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Պորտուգալիա համատեղ թողարկում. Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակը» թեմային:

Նամականիշերի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նամականիշերի վրա պատկերված է հայ մեծանուն գործարար, բարերար և մարդասեր Գալուստ Գյուլբենկյանը (1869-1955թթ.)` իր կողմից ձեռք բերված արվեստի գործերի հավաքածուի նմուշների խորապատկերին, որոնք գտնվում են Լիսաբոնի Գալուստ Գյուլբենկյանի թանգարանում:

Նամականիշերից մեկի վրա ներկայացված է Ռենե Լալիքի հեղինակած և 1900 թվականին Գալուստ Գյուլբենկյանի կողմից ձեռք բերված սիրամարգի տեսքով կրծքազարդը՝ պատրաստված ոսկուց, էմալից, օպալից և ադամանդներից: Մյուս նամականիշի վրա Կուտինայի հախճապակյա թասն է (XVIII դ.), որը Գալուստ Գյուլբենկյանը ձեռք է բերել 1922 թվականին:   

Նամականիշերի մարման միջոցառման շրջանակներում ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարեց Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամի վաճառքի մեկնարկի մասին:

Share