Բաժին. Տնտեսական

Կառավարությունը նախատեսում է ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար սահմանել 22 հազար դրամ պետական տուրք

ՀՀ կառավարությունը ցեմենտի տեղական արտադրողների համար մշակել է մրցակցային պայմաններ ստեղծող օրենքի նախագիծ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 18-ին Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ընթացքում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նախատեսվում է ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար սահմանել 22 հազար դրամ պետական տուրք:

«Որպեսզի մենք մի կողմից պայմաններ ստեղծենք, որ տեղական արտադրողը կարողանա մրցել ներմուծվող ցեմենտի հետ շուկայում, բայց մյուս կողմից չսահմանենք այնպիսի կարգավորումներ, որոնք իսպառ կբացառեն ներմուծվող ցեմենտի վաճառքի հնարավորությունը տեղական շուկայում, և այդպիսով դուրս կգան մրցակցությունից, պետք է առաջարկեինք պաշտպանիչ կարգավորման այնպիսի եղանակ, որ տեղական շուկայում իրենք ունենային մրցակցային գներ: Կառավարության կողմից ԱԺ ուղարկված նախագծում առաջարկվել է ներկրվող ցեմենտի դեպքում գործունեությունը որակել որպես ծանուցման եղանակով իրականացվող գործունեության տեսակ, որ հնարավոր լինի կիրառել պաշտպանիչ միջոց և մեկ տոննայի համար կիրառել 22,000 դրամ պետական տուրք», – նշեց Խաչատրյանը:

Share