Բաժին. Տնտեսական

Թիվ 200 հիմնական դպրոցի «Արմաթ»-ը համալրվել է FabPro1000 պրոֆեսիոնալ եռաչափ տպիչով

Երևանի թիվ 200 հիմնական դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան համալրվել է 3D Systems ամերիկյան արտադրության FabPro 1000 բացառիկ տպիչով: Նորարարական այս տպիչն առանձնահատուկ է ինժեներական նորագույն լուծումներով և ճշգրիտ մեխանիզմով: Այս սարքով մոդելավորվող և տպվող դետալները կիրառվում են ռազմական, առողջապահության, տրանսպորտի, ժամանցային և այլ ոլորտներում՝ պրոդուկտների նախագծման և արտադրության համար:

Թիվ 200 հիմնական դպրոցի «Արմաթ» խմբակին 3D Systems ամերիկյան արտադրության FabPro 1000 տպիչը նվիրել է բարերար Սամվել Բեկյանը, ում որդին սովորում է միևնույն դպրոցում:

Սամվել Բեկյանը հանդիսանում է Բենիլյուքս (Բելգիա, Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ) երկրներում նաև 3D Supply Management 3D Systems ընկերության պաշտոնական ներկայացուցիչը: «Այս տպիչի առանձնահատկությունն այն է, որ դպրոցականները կարտադրեն գերճշգրիտ տվյալներով դետալներ ու կաշխատեն արդեն առավել բարդ պրոյեկտների վրա»,-  նշում է նա:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը նշում է, – «Մեզ համար առանցքային նշանակություն ունի նորարարական կրթության բարձր որակի ապահովումն ու դպրոցականներին մշտապես արդի գիտելիք և տեխնոլոգիաներ տրամադրելը: Ուրախ ենք ձեռք բերել նոր գործընկեր, ում շնորհիվ այս դպրոցի արմաթցիները կաշխատեն բարձրակարգ և պրոֆեսիոնալ եռաչափ տպիչի վրա՝ լուծելով արդի և բարդ խնդիրներ»:

«Արմաթ» կատարած այցի շրջանակում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ԱՏՁՄ ղեկավարները և այլ հյուրեր  ծանոթացել են նաև արմաթցի սաների ստեղծած ծրագրերին, եռաչափ մոդելավորմամբ ստեղծված պրոդուկտներին:

Թիվ 200 հիմնական դպրոցում «Արմաթ» լաբորատորիան ստեղծվել է դպրոցի կողմից՝ սեփական ֆինանսական միջոցներով: Մեկ տարվա ընթացքում խմբակի սաները հասցրել են ստանալ լիարժեք գիտելիք և ցուցաբերել բարձր առաջադիմություն՝ ԱՏՁՄ-ի հեղինակային և խրախուսական մրցույթների ընթացքում:

Share