Բաժին. Տնտեսական

Մարտունի գյուղում ստեղծված խնձորի ինտենսիվ այգին այս տարի տալու է իր առաջին բերքը

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղում  մեկ տարի առաջ  հիմնված 2 հեկտար  ինտենսիվ այգին այս տարի տալու է իր առաջին բերքը: Ինչպես «Արմենպրես»- ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղի բնակիչ, ինտենսիվ այգու նախաձեռնող ու հիմնադիր, §Ատֆրուիդ» ՍՊԸ տնօրեն Թաթուլ Դումանյանը, այգին արդեն ապահովված է հակակարկտային ցանցերով, իսկ առաջիկա մեկ -երկու շաբաթում կունենա նաեւ կաթիլային ոռոգման համակարգ: Այգում աճեցվել է ,տոպազ, ֆլորինա, յոնապրինց, թեզեր, ռեանդա տեսակների 2500 խնձորենի, որոնք այժմ ծաղկած վիճակում են: Այգու ստեղծման համար Դումանյան ընտանիքը ներդրել է մոտ  45 միլիոն դրամ:

Այգու ստեղծմամբ բացվել է 5 մշտական եւ 15 սեզոնային աշխատատեղ: Կազմակերպությունը միաժամանակ ստեղծել է տնկարանային տնտեսություն՝ ստացված նոր ու բարձրորակ տնկիների տեսակները այգեգործական կամ անհատական տնտեսություններին տրամադրելու նպատակով:  §Բոլոր տնկանյութերը բերվել են Ավստրիայից ու Գերմանիայից, իսկ պատվաստումը կատարվել է տեղում՝ կլիմայավարժեցում ապահովելու նպատակով: Պահպանելու ենք ծառերի ցածրաճ վիճակը՝ որակյալ ու ապրանքային բերք ապահովելու համար: Մեկ ծառից ակնկալում ենք մինչեւ 50 կիլոգրամ բերք: Այս տարի մեկ ծառից սպասում ենք մինչեւ 10-15 կիլոգրամ:Այգեգործությամբ զբաղվելու իմ հիմնական նպատակն է՝ դրսից ներմուծված խնձորի ու տանձի ծառատեսակների կողքին պահպանել ու զարգացնել մեր տեղական սորտերը, որոնք հրաշալի համ ու պահանջարկ ունեն: Մեր տնկարանում մենք դրսից բերված տնկանյութի վրա կատարել ենք տանձի, խնձորի, կեռասի, ծիրանի, սալորի եւ դեղձի պատվաստ՝ ստանալով որակյալ տնկիներ, որոնք շուտով կհանենք վաճառքի: Մտադիր ենք ընդարձակել տնկարանի տարածքը եւ փորձնական քայլեր կատարել  խաղողագործության ուղղությամբ:Ինտենսիվ այգու մշակության համար ձեռք ենք բերել տեխնիկաներ, մտադիր ենք ստեղծել խնձորի օղու եւ գինու թորման արտադրություններ: Եթե մեր սպասելիքներն արդարանան, ապա կմտածենք այգու տարածքն ընդարձակելու, արտադրության ծավալներն ավելացնելու  մասին» -ներկայացրեց Թաթուլ Դումանյանը:

Ինտենսիվ այգու տարածքում այս տարի պետք է մշակվեն բանջարաբոստանային մշակաբույսեր՝ լոլիկ, վարունգ, պղպեղ, որոնց սածիլներն արդեն աճեցվել են Դումանյան ընտանիքի կողմից ու կսածիլվեն առաջիկա օրերի ընթացքում:

Ես երկար տարիներ եղել եմ գրասենյակային աշխատող՝ աշխատելով Ճամբարակի գազամատակարարման գրասենյակում՝ վթարային բաժնի վարորդից հասնելով մինչեւ ծառայության պետի պաշտոնին: Սակայն, ի վերջո, ինձ ավելի շատ ձգեց այգեգործությունը, ու ես թողեցի գրասենյակային աշխատանքը՝ լրիվ ինձ նվիրելով բերք ու բարիքի արարմանը: Ինձ նեցուկ են կանգնում ընտանիքիս անդամները՝ կինս, նրա հայրն ու մայրը: Մենք մեր ամենօրյա աշխատանքով ուզում ենք բարիք քամել մեր հողից՝ օգտագործելով բնությունից մեզ պարգեւ տրված բոլոր հնարավորությունները, որոնք, ինչպես գնահատում են մեզ այցելած արտասահմանցի մասնագետները, չափազանց նպաստավոր են գնահատում պտուղների արտադրության համար: Մենք պետք է զարգացնենք այս օգտավետ ու հեռանկարային ճյուղը, բայց դրա համար հարկավոր է տիրապետել այդ մասնագիտության նրբություններին ու գաղտնիքներին: Ցավալին այն է, որ բազմաթիվ տնտեսություններ նույնիսկ իրենց ընտանիքի պահանջները բավարարելու համար զլանում են զբաղվել պտուղների արտադրությամբ, էլ ուր մնաց, թե մտածեն այգեգործությունը եկամտաբեր զբաղմունք դարձնելու մասին: Մեր հիմնական խնդիրն է նաեւ՝ ցույց տալ բոլորին, որ ցանկության դեպքում կարելի է հասնել լավ արդյունքների՝ հարենի հողի վրա ապրելով ու բարիք ստեղծելով: Ես նաեւ արտերկրում եմ ապրել ու աշխատել, սակայն նյութական վիճակս կարգավորելուց հետո վերադարձել ու հաստատվել եմ իմ հայրենի գյուղում՝ շեն պահելով այն տունը, որը 1920-ական թվականներին հիմնադրել ու շենացրել են Վանից գաղթած իմ պապ Արտավազդը եւ Ղարսից գաղթած իմ Ռոզա տատը, որը շարունակել են իմ հայրն ու մայրը, որը պիտի շարունակեն երեք զավակներս» , -եզրափակեց Թաթուլ Դումանյանը:

Խոսրով Խլղաթյան

Share