Բաժին. Տնտեսական

Տիգրան Ավինյանը Ղրղզստանի փոխվարչապետ Զամիրբեկ Ասկարովի հետ քննարկել է հայ-ղրղզական միասնական էներգետիկ շուկայի ձևավորման ներուժը

ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 17-ին հանդիպել է Ղրղզստանի փոխվարչապետ Զամիրբեկ Ասկարովի հետ: Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ղրղզստանի հետ հարաբերությունների զարգացումը ինչպես երկկողմ այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների ձևաչափում: Այս առումով զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղի ունեցող ինտեգրման գործընթացներին:

Կողմերը քննարկեել են առևտրատնտեսական համագործակցության ակտիվացմանն ու  իրավապայմանագրային բազայի կատարելագործմանը վերաբերող հարցերը և կարևորել են տնտեսական համագործակցության միջակառավարական հանձնաժողովի գործունեության շուտափույթ մեկնարկը: Ընդգծվել է, որ նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններ կան, և  այս համատեքստում հատկապես կարևորվել է Հայաստանի էլեկտրոնային կառավարման ոլորտում կուտակած փորձը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել միասնական էներգետիկ շուկայի ձևավորման ներուժը և այս ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մյուս հարցերը ներառել հայ-ղրղզական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգ:

Ղրղզստանի փոխվարչապետն առաջարկեց նաև ակտիվացնել հարաբերությունները միջխորհրդարանական դիվանագիտության և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության ուղղություններով:

Share