Տնտեսական | 11:05 12/09/19

«Ժողովուրդ». Ներկրվող մեքենաները թալանվում են ճանապարհին

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստան ավտոմեքենա ներկրող մի շարք քաղաքացիներ ընկել են անելանելի դրության մեջ: Բանն այն է, որ նրանք մեքենա են ներկրել աճուրդների միջոցով, իսկ երբ դրանք հասել են Հայաստան, պարզել են, որ մեքենայի որոշ մասեր չկան: Ասել է թե՝ մարդիկ գումարներ են ծախսել մեքենան գնելու, այն երկրից երկիր տեղափոխելու հա­մար, բայց հետո ստացել են կիսատ-պռատ մեքենա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման դեպքերում ավտոներկրողները հսկայական դրամական կորուստներ են ունենում, քանի որ «գողացված» մասերը ստիպված են լինում փոխարինել կամ գնորդին մեքենան էժան գնով են վաճառում:

Շատ դեպքերում անգամ գնորդները հրաժարվում են գնել մեքենան, և ներկրողը ստիպ­ված է լինում այն կանգնեցնել ամիսներով, մինչև նոր գնորդ ձեռք բերելը:

Ընդ որում, ավտոմեքենայի մասերը հիմնականում պա­կասում են հենց Փոթի նավահանգստում: Մեքենա ներկրողների կողմից բարձրացրած այս խնդիրը տևական ժամանակ է՝ այդպես էլ լուծում չի գտնում: Ավտոներկրող Գագիկ Հակոբյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս «դարավոր» և չկարգավորվող խնդրին, հայտարարեց. «Փոթի նավահանգստում հենց մեքենան բացում են, սկսում են մեքենայից մասեր վերց­նել: Մեքենան հասավ Վրաստան, նորմալ է, ինչ լինում է մեքենայի հետ, այնտեղ է լինում: Նկարներ ունեմ ինձ մոտ, որ Ճապոնիայում գտնվող մեքենան պարզ երևում է, ամեն ինչ կարգին է, հիմա արդեն դուրս է եկել, բայց գնամ Փոթի այն վերցնելու, պետք է ստուգեմ՝ դետալներին ձեռք են տվել, թե ոչ:

Վրացիները հիմնականում կատալիզատորներն են հանում մեքենայի վրայից ու դրանք վաճառում են, որովհետև թանկ է: Դժվար ամերիկացին կամ ճապոնացին կատալիզատոր հանի ու վաճառի»,- նկատեց ավտոներկրողը՝ ընդգծելով, որ Հայաստան մտնող ավտոմեքենաների մեծ մասը կատալիզատոր չունի, գողացված են:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում կատալիզատորների վաճառքը ևս տարածված բնույթ է կրում: Դրանք այստեղ անգամ մեքենայի վրայից հանող ու միաժամանակ գնող ընկերություններ կան, իսկ արժեքը տատանվում է 300-400 հազար դրամի սահմաններում»,-գրում է թերթը:

Facebook Linkedin Twitter Google+