Բաժին. Տնտեսական

Քննարկվել է ՓՄՁ զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների հետ

Հոկտեմբերի 22-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը ոլորտային ռազմավարությունների քննարկումների շրջանակում մասնակցել է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման  ռազմավարության փաստաթղթի քննարկմանը։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում գործող միջազգային ֆինանսական կազմակերպությունների, միջազգային զարգացման կազմակերպությունների, դեսպանությունների ներկայացուցիչներ։

Նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը մասնակիցներին ներկայացրել է  «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարության» նախագիծը՝ նշելով, որ այն նպատակ է հետապնդում միջնաժամկետում նպաստել Հայաստանում ձեռներեցության զարգացմանը, ՓՄՁ-ների արտադրողականության բարձրացմանը, աջակցել փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության աճին, ներքին և միջազգային թիրախային շուկաներում` մասնավոր նախաձեռնողականության, առավել արտադրողական տեխնոլոգիաների ներդրման ու նորարարական գաղափարների ընդունման, ներդրման և գեներացման միջոցով:

Քննարկման ընթացքում փոխնախարարը պատասխանել է նաև մասնակիցներին հետաքրքրող հարցերին և անդրադարձել ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններին, ձևաչափին, ինչպես նաև նրանց ներգրավվածությանը նախագծերի վերջնական քննարկման փուլում։

Քննարկումը կազմակերպվել էր ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի, միջազգային գործընկերների և  ՀՀ կառավարության միջև համագործակցության ձևաչափի շրջանակում։

Share