Բաժին. Տնտեսական

Բագրատ Բադալյանը ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ճանապարհաշինական ծրագրերի ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչներին՝ Բարբորա Զեմանովային‚ Գոհար Հովհաննիսյանին և Ֆրանչեսկա Ռինալդիին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման նպատակն էր քննարկել բանկի օժանդակությամբ ճանապարհաշինության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա համագործակցության շրջանակները։

Բագրատ Բադալյանը ներկայացրել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ մոտ 27.5 կմ երկարությամբ հատվածի վերակառուցման ընթացքի մասին մանրամասներ‚ մասնավորապես‚ նշվել է‚ որ տվյալ հատվածում իրականացվում են հողային աշխատանքներ‚ արհեստական կառուցվածքներ։ Քննարկվել են Տրանշ 3-ի աշխատանքային ընթացակարգերի հետ կապված մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ին և Տրանշ-5-ին։

Կողմերը խոսել են նաև Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի մասին։ Նշվել է‚ որ օրերս ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» Հարևանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: ԵՆԲ-ի  կողմից հատկացվելիք դրամաշնորհի միջոցներն ուղղվելու են ՀՀ մի շարք ավտոճանապարհների վրա արդեն ընտրված 24, ինչպես նաև ծրագրի ընթացքում հայտնաբերվելիք լրացուցիչ վտանգավոր կետերի բարելավմանը‚ միջպետական և հանրապետական ավտոճանապարհների ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացմանը՝ այլ վտանգավոր կետերի հայտնաբերման, գնահատման և ներդրումների առաջնահերթության սահմանման նպատակով‚ վտանգավոր կետերի բարելավման աշխատանքների տեխնիկական հսկողությանը‚ ճանապարհային անվտանգության իրազեկմանն ու ուսուցմանը‚ ինչպես նաև՝ այլ նպատակների։

Share