Բաժին. Տնտեսական

Խրախուսվում են հերթական ներդումային ծրագրերը. կստեղծվեն նոր աշխատատեղեր

Կառավարությունը բավարարել է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի հայտերը՝ ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու և մաքսատուրքից ազատելու արտոնություններից օգտվելու վերաբերյալ: 2002 թ. հիմնադրված ընկերությունը Արարատի մարզում զբաղվում է ալյուրի արտադրությամբ և բեռնափոխադրությամբ: Լիարժեք աշխատանքային ռեժիմով ապահովելու, միաժամանակ ցորենի պահեստավորման, ինչպես նաև բեռնափոխադրման ծառայության մատուցման համար, ընկերությունը պլանավորում է ներկրել 200 հատ «Եվրո-5» էկոլոգիական դասակարգչին համապատասխանող Եվրոպական ծագման քարշակ բեռնատար ավտոմեքենաներ և նույն քանակությամբ բեռնատար ավտոմեքենայի կիսակցորդիչներ: Այդ նպատակով ընկերությունը նախատեսում է կատարել ընդհանուր շուրջ 2.5 մլրդ դրամի չափով ներդրում: Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 205-215 նոր աշխատատեղ` 160-170 հազար դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1 մլրդ 152 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.5 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1.1 մլրդ դրամ:

Գործադիրի որոշմամբ մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվի նաև «Տեքսաս փրոդաքշն» ՓԲԸ-ն: Ընկերությունը ներմուծվող ապրանքները օգտագործելու է հագուստի արտադրության համար՝ իրականացնելով 385 մլն դրամի ներդրում: Ներկայումս առկա է 86 աշխատատեղ և ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ` 130,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 774 մլն դրամ, որից 50 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 680 մլն դրամի արտադրանքը` Ռուսաստանի Դաշնությունում, 44 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 387 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 24 մլն դրամ:

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ին ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և մաքսատուրքից ազատելու արտոնություններ տրամադրելու վերաբերյալ որոշումների մեջ՝ ներմուծվող ապրանքների ցանկում փոփոխման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է ՀՀ Շիրակի մարզի ք. Մարալիկում զբաղվել տեքստիլի արտադրությամբ արդեն իսկ վերանորոգած բամբակամանվածքային ֆաբրիկայի շենքում, որտեղ կարտադրի թել և բժշկական բամբակ, նաև կզբաղվի կտորների թափվածքների վերամշակմամբ: Ընկերությունում իրականացվել է 50 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում, սակայն մինչ օրս աշխատատեղեր չեն ստեղծվել: Հարկ է նշել նաև, որ նշված լրացումների և փոփոխությունների արդյունքում, ընկերությունում կստեղծվի 10 նոր աշխատատեղ և կիրականացվի մոտ 3.8 մլրդ ՀՀ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 160 նոր աշխատատեղ` 185 հազ․ դրամ միջին աշխատավարձով:

Share