Բաժին. Տնտեսական

Փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում ՀԿԵ մեքենավարները կաշխատեն Կույբիշևի երկաթուղում

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ղեկավարները գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի գլխավորությամբ բացատրական աշխատանք են անցկացրել Երևանի և Գյումրիի լոկոմոտիվ բրիգադների շրջանում՝ մանրամասներ ներկայացնելով ՀԿԵ և Ռուսական երկաթուղիների միջև իրականացվող փորձի փոխանակման ծրագրի վերաբերյալ:

Ընկերության մեքենավարները տեղեկացվել են, որ փոխգործակցության ծրագրով շուտով ՀԿԵ մի խումբ մասնագետներ գործուղվելու են ՌԵ-ի Կույբիշևի երկաթուղի՝ որակավորումը բարձրացնելու և փորձի փոխանակման նպատակով:

Կույբիշևի երկաթուղին Ռուսաստանի Դաշնության խոշորագույն երկաթուղիներից է: Երկաթուղու երկարությունը կազմում է 4727,86 կմ, այն անցնում է Պենզայի, Սամարայի, Ուլյանովսկի, Տամբովի, Չելյաբինսկի, Ռյազանի, Օրենբուրգի շրջանների և Բաշկորտոստանի, Թաթարստանի և Մորդովիայի հանրապետությունների տարածքներով:

Փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում Ռուսական երկաթուղիների մի խումբ մեքենավարներ՝ Հարավկովկասյան երկաթուղու հրահանգիչ-մեքենավարների ղեկավարությամբ, արդեն անցնում են պրակտիկ դասընթացներ Հայաստանի երկաթուղու տարածքում:

Ծրագիրը նպատակ չի հետապնդում հայ մեքենավարներին օտարերկրյա մասնագետներով փոխարինումը: Այդ ծրագրի մասին հայտնել էր «ՌԵ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ՀԿԵ Տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Միշարինը հոկտեմբերի 24-ին կայացած խորհրդակցությանը, որին մասնակցում էին Գյումրիի դեպոյի լոկոմոտիվային բրիգադները: Խորհրդակցությանը լոկբրիգադների ներկայացուցիչները քննարկմանը ներկայացրեցին ՀԿԵ-ի բեռնաշրջանառության աճի հետ մեկտեղ նկատվող արտաժամյա աշխատանքային ժամերի ավելանալու հարցը: Եթե 2018 թվականին լոկոմոտիվային բրիգադների արտադրողականությունը կազմում էր 97,1%, ապա այս տարի նրանց ծանրաբեռնվածությունն ավելացել էր մինչև 107%: Արտաժամյա աշխատանքը նվազեցնելու նպատակով Հարավկովկասյան երկաթուղում մշակվել է լոկոմոտիվային բրիգադների նախապատրաստման 5-ամյա ծրագիրը:

Հարկ ենք նշում նաև պարզաբանել, որ Հայաստան ժամանած ՌԵ-ի մեքենավարները հանդիսանում են ռուսական փոխադրողի գործող աշխատակիցներ և աշխատավարձ են ստանում Ռուսական երկաթուղիներում:

Փորձի փոխանակման և որակավորումը բարձրացնելու պրակտիկան լայն տարածում ունի Ռուսական երկաթուղիների տարբեր ստորաբաժանումների և դուստր ձեռնարկությունների շրջանում, ինչպես նաև «1520» տարածաշրջանում:

Հիշեցնենք, որ Հարավկովկասյան երկաթուղու մեքենավարների աշխատավարձը 2019 թվականին աճել է 16,6%՝ կազմելով 354 հազար ՀՀ դրամ, մեքենավարների օգնականների՝ 13,3%, մինչև 249 հազար դրամ: Լոկոմոտիվների մեքենավարների և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միջին աշխատավարձերի հարաբերակցությունը կազմում է 198,6%՝ գրեթե կրկնակի ավելի:

———–

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Share