Բաժին. Տնտեսական

Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման հարցը ՀՀ Ազգային ժողովը կքննարկի դեկտեմբերի սկզբին

Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման հարցը Ազգային ժողովում կքննարկվի դեկտեմբերի սկզբին: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

«Քանի որ շատ քաղաքացիների է այս հարցը հետաքրքրում, տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը Ազգային ժողովում կընդունվի դեկտեմբերի (3-6) նիստի ժամանակ: ՀՀ նախագահի ստորագրելուց հետո համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մեկ ամսվա ընթացքում»,-նշել է Լենա Նազարյանը:

2019 թվականի հուլիսին ՀՀ կառավարության նիստում հավանություն տրվեց 2019 թվականի մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:

Չինաստանից Հայաստան զբոսաշրջիկների թիվը նկատելիորեն աճում է: 2018 թվականին Չինաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն 2017-ի համեմատ աճել է 59.9 տոկոսով: 

Share