Բաժին. Տնտեսական

Տեսանյութ. 2019թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.1%-ով

2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, 2018թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.1%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալների աճը:

Այսպես, հունվար-հոկտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.8%-ով և կազմել 1.64 տրլն դրամ, շինարարությունն աճել է 4.5%-ով և կազմել 296.31 մլրդ դրամ, առևտրի շրջանառությունն աճել է 8.9%-ով և կազմել 2.57 տրլն դրամ, բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 15.1%-ով և կազմել 1.67 տրլն ՀՀ դրամ:

2019թ. թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 6.42 մլրդ ԱՄՆ դոլար։ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 6.5%-ով:

Հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2.13 մլրդ ԱՄՆ դոլարով:

Նշված ժամանակահատվածում արտահանման ծավալն աճել է 7.2%-ով և կազմել 2.14 մլրդ դոլար, իսկ ներմուծման ծավալն աճել է 6.2%-ով և կազմել 4.27 մլրդ դոլար։

2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 178,714 դրամ։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.9% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.70%-ով և կազմել 155,340 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.1%-ով և կազմել 190,546 դրամ։

Share