Բաժին. Տնտեսական

Գեղարքունիքի մարզում նախորդ տարվա համեմատ նվազել է խոշոր, ավելացել մանր եղջերավորների գլխաքանակը

Գեղարքունիքի մարզում  ավարտվել է անասնագլխաքանակի հաշվառումը, ինչի արդյունքներով նվազել է խոշոր, ավելացել մանր եղջերավորների գլխաքանակը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի վարիչ Մարտին Պետրոսյանը, 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ մարզի տնտեսություններում հաշվառվել է 94 հազար 799 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որից 44 հազար 381-ը՝ կովեր են: 2019 թվականի հունվարի 1-ի համեմատ խոշորի  քանակն այս տարի նվազել է 2434 գլխով, կամ՝ 5,2 տոկոսով: Մանր եղջերավորների քանակը 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 89 հազար 495 գլուխ՝ նախորդ տարվա նույն օրվա 89 հազար 460 գլխի դիմաց: Ընդ որում, մայրական կազմը եղել է 62 հազար 656 գլուխ՝ նախորդ տարվա հունվարի 1-ին գրանցված 60 հազար 992 գլխի դիմաց: Նույն ժամանակահատվածում մարզի տնտեսություններում հաշվառվել է 15 հազար 985 գլուխ խոզ, որից մայրերը կազմել են 2994 գլուխ: Չնայած նախորդ տարվա հունվարի 1-ի համեմատությամբ խոզերի գլխաքանակն ավելացել է 337-ով, սակայն մայրերի գլխաքանակը նվազել է 226-ով: Նույն ժամանակահատվածում մարզում հաշվառվել է 283 հազար 537 թեւ թռչուն՝ նախորդ տարվա 285 հազար 141 թեւի դիմաց: Հաշվառվել է 41 հազար 291 մեղվաընտանիք, որոնք նախորդ տարվա համեմատ պակասել են 861 ընտանիքով: Ձիերի քանակը նախորդ տարվա համեմատ ավելացել է 80-ով՝ կազմելով 1417 գլուխ: Այս տարի եւս Գեղարքունիքի մարզպետի համապատասխան կարգադրությամբ ու հետեւողականությամբ  համայնքների մեծ մասում ընտրանքային հաշվառման մասնակցեցին գյուղատնտեսության բաժնի մասնագետները:  Մեր կողմից ուսումնասիրվել է հաշվառման իսկությունը, իսկ ներկայացված թվերը, կարծում եմ, միանգամայն իրատեսական են:  Առաջիկայում կկատարվի անասունների համարակալում, որից հետո մենք կունենանք ավելի հստակ պատկեր ու փոխարենը չենք ունենա պետպատվերի շրջանակներում ստացվող պատվաստանյութերի ավելցուկ կամ անբավարարություն: Այս ամսից արդեն պետք է սկսվեն  բրուցելոզի նկատմամբ արյան շճաբանական հետազոտոտությունը, տուբերկուլինիզացիան,  սիբիրախտի, դաբաղի, խշխշան պալարի եւ այլ հիվանդությունների դեմ պատվաստումներըե,-ասաց Մարտին Պետրոսյանը:

Share