Բաժին. Տնտեսական

Քննարկվել են հայ-թուրքական սահմանի երկայնքով տեղակայված գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման կարգը

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել «Հայ-թուրքական սահմանի երկայնքով տեղակայված գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման կարգը, բարդությունները եւ դրանց վերացման ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկում:

Արարատի եւ Արմավիրի մարզպետարանների ներկայացուցիչները նշել են, որ հատկապես հայ-թուրքական սահմանի երկայնքով տեղակայված գյուղատնտեսական նշանակության հողերը նախկինում շատ քիչ են մշակվել, քիչ քանակությամբ անձինք ենք անցել հատուկ պահպանվող տարածք եւ նրանց բավարարել է գործող անցագրային ռեժիմը: Սակայն այսօր մշակվող մոտ 10 հազար հա հողատարածքում գյուղացիներն աճեցնում են բազմամյա կուլտուրաններ՝ խաղող, լոլիկ, ինչպես նաեւ բոստանային կուլտուրաներ՝ սեխ, ձմերուկ, որը շատ աշխատատար է եւ մեկ ընտանիքը չի կարողանում այն ամբողջությամբ մշակել, ուստի անհրաժեշտ են լինում օգնող ուժեր: Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանի խոսքով՝ սահմանված անցագրային ռեժիմը դժվարություններ է ստեղծում այդ տարածքներ մուտք գործող անձանց համար, քանի որ առաջանում են կուտակումներ եւ հերթեր:

Հյուրերն առաջարկել են բարեփոխումներ կատարել համապատասխան օրենսդրության մեջ՝ հեշտացնելու այդ տարածքներում գյուղացիների մուտքն ու աշխատանքը:

Պատգամավորները բարձրացված հարցը համարել են անհետաձգելի եւ արագ լուծում պահանջող:

Հանդիպման ավարտին Վարազդատ Կարապետյանը մարզպետարանների ներկայացուցիչներին հորդորել է գրավոր առաջարկներ ներկայացնել, որոնք հանձնաժողովը կքննարկի ՀՀ կառավարության հետ: Առաջնային համարելով սահմանային անվտանգության պահպանումը՝ հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ մեկ ամսվա ընթացքում իրենք կփորձեն լուծումներ գտնել՝ դյուրացնելու նշված տարածքներ մարդկանց ելումուտը:

Share