Տնտեսական | 19:50 26/02/20

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 26-ին հրավիրած նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ քննարկվել են այն փոփոխություններն ու լրացումները, որոնք Կառավարությունն առաջարկում է կատարել «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ նպատակն է հիմնադրամներին հնարավորություն տալ հաշվետվություններն անվճար հրապարակել դրանց համար նախատեսված համակարգում: Հիմնական զեկուցողի խոսքով՝ մինչեւ նախատեսվող համակարգի շահագործումը հաշվետվությունները կհրապարակվեն http://www.azdarar.am/ կայքում: Առաջարկվում է նաեւ օրենքից հանել՝ հաշվետվությունը վերահսկողություն իրականացնող մարմին ներկայացնելու պարտադիր պահանջը սահմանող դրույթը: Օրենքի նախագծի ընդունման դեպքում հնարավոր կլինի նաեւ խուսափել օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումներից:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ` եկամտի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի եւ Ղրղզստանի կառավարությունների կողմից 2019 թվականին: Փաստաթղթով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները եւ դրույքաչափերը:

Հանձնաժողովի անդամները կողմ են քվեարկել օրենքի նախագծին:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Բաբկեն Թունյանն ու Վարազդատ Կարապետյանն առաջարկում են լրացում կատարել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում եւ նաեւ հանրային ծառայության ոլորտում կանոնակարգել կարգավորվող սակագների ձեւավորման սկզբունքները: Օրինագծի համահեղինակ Բաբկեն Թունյանը նշել է, որ Հայաստանում հանրային ոլորտի ծառայություններում կան բնական մենաշնորհներ ունեցող որոշ ընկերություններ, որոնց ղեկավարներն ստանում են շատ բարձր աշխատավարձեր: Հաշվի առնելով այդ հանգամանքը, հեղինակներն առաջարկում են որպեսզի սակագների հաշվարկում ներառվող մեկ աշխատակցի հաշվով աշխատանքի վարձատրության թույլատրելի ծախսը չգերազանցի պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի որոշման համար հիմք հանդիսացող բազային աշխատավարձի քսանապատիկը:

Հարակից զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը տեղեկացրել է, որ նախագծի վերաբերյալ Կառավարությունը դեռեւս պաշտոնական դիրքորոշում չունի:

Քննարկման արդյունքում հարցի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

Առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը, որը հեղինակել է Կառավարությունը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլյանը նշել է, որ նախորդ տարիներին նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը հաստատվել են ՀՀ քաղաքաշինության նախարարի, այնուհետ՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հրամաններով: Սահմանադրական փոփոխություններից հետո անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի հաստատման մասով քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի իրավասությունները եւ դրանք ամրագրել օրենքով: Նախագծի ընդունման պարագայում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին կվերապահվի քաղաքաշինության բնագավառի իրավական ակտերի եւ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի հաստատման լիազորություն:

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում կատարել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Նա նշել է, որ օրենքի նախագիծը նախատեսում է մի շարք ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային վճարների արտոնություններ: Օրենքի նախագծով մասնավորապես առաջարկվում է Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության նպատակով տեղափոխվող անձին տրված համապատասխան տեղեկանքի հիման վրա՝ թույլատրել նրան 18 ամիսների ընթացքում տվյալ երկրից Հայաստան ներկրել անձնական օգտագործման գույքն ու մեկ տրանսպորտային միջոց, որը որպես սեփականություն գրանցված է իր անվամբ՝ առնվազն 6 ամիս:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը նշել է, որ օրենքի նախագիծը մի քանի անգամ ուղարկվել է Կառավարություն՝ եզրակացություն ստանալու համար եւ այս պահի դրությամբ կա բոլոր շահագրգիռ գերատեսչությունների կողմից բանավոր դրական եզրակացություն:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է «Տիեզերական գործունեության մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ փոփոխություններն ու լրացումները վերաբերում են տիեզերական ոլորտում գործունեություն ծավալող բարձր տեխնոլոգիական ընկերություններին հարկային արտոնություններ տալուն եւ այն լիցենզավորման ոլորտ տեղափոխելուն: Նախարարը տեղեկացրել է, որ ներկայացրած առաջարկները եղել են տեխնիկական բնույթի:

Երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովը քննարկել է նաեւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Լիլիթ Մակունցի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում է վճարված եկամտային հարկի գումարներից ուսման վարձի փոխհատուցման նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարվող ուսման վարձի գումարի վերադարձին: Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է ներկայացված առաջարկներին եւ տվել պարզաբանումներ:

Պատգամավորները կողմ են քվեարկել օրենքի լրամշակված տարբերակին:

 Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Էներգետիկայի մասին» օրենքում առաջարկվող լրացումը, որը հեղինակել են պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Բաբկեն Թունյանը: Արտակ Մանուկյանը հիշեցրել է, որ նախագիծը վերաբերում է էներգետիկայի բնագավառում գործունեություն ծավալող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտմանը: Օրենքի նախագծին տրվել է դրական եզրակացություն:

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ինչպես նաեւ «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը եւս քննարկվել են երկրորդ ընթերցմամբ եւ ստացել դրական եզրակացություն:

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ է առաջարկել կատարել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Օրենքի նախագծի քննարկումը հեղինակի առաջարկով հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

Հանձնաժողովի որոշմամբ ձեւավորվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի «Ներդրումների խթանման հարցերով» աշխատանքային խումբ:

Facebook Linkedin Twitter Google+