Բաժին. Տնտեսական

Կառավարությունը հավանություն տվեց գործարար միջավայրի բարելավման 2020-2023 թթ. միջոցառումների ծրագրին

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023 թթ. միջոցառումների ծրագրին: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ 2018-2019թթ. Հայաստանն իրականացրել է բազմաթիվ բարեփոխումներ՝ բարելավելով գործարարության կարգավորման դաշտը:

Մասնավորապես՝ ըստ «Գործարարություն» զեկուցի եզրահանգումների, Հայաստանը վերջին տարիներին նշանակալի բարեփոխումներ է իրականացրել սեփականության գրանցման, հարկերի վճարման, արտաքին առևտրի և էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացման ոլորտներում: Կատարվել են նաև մի շարք օրենսդրական փոփոխություններ՝ սնանկության ճանաչման և վարկերի ստացման գործընթացներում առաջընթաց ապահովելու նպատակով:

«2020-2023 թթ. միջոցառումների ծրագրով յուրաքանչյուր ցուցիչի մասով կազմվել են թիրախային միջոցառումներ՝ «Գործարարություն 2021», ինչպես նաև հետագա զեկույցներում երկրի դիրքը բարելավելու նպատակով: Արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Նախատեսվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ կատարելագործման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներում առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը»,- ասաց Խաչատրյանը:

Միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը և կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը:

Share