Տնտեսական | 15:43 21/05/20

Սպանդանոցներին կտրամադրվեն տոկոսադրույքների սուբսիդավորմամբ վարկեր

ՀՀ կառավարության հերթական նիստին օրակարգային հարցերի թվում քննարկվել է սպանդանոցներին տրամադրվելիք տոկոսադրույքների սուբսիդավորմամբ վարկերի հարցը՝ գյուղատնտեսական կենդանիների գնման նպատակով։

Հանրապետությունում սպանդանոցներին գյուղատնտեսական կենդանիների գնումներ կատարելու նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ առաջարկվում է Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում տոկոսադրույքների սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման՝ պտուղբանջարեղենի, խաղողի և կաթի գնման ուղղությունները լրացնել նոր՝ սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնման ուղղությամբ: Եվ այդ նպատակով տրամադրվող վարկերի առավելագույն շեմը նախատեսվում է սահմանել  սպանդանոցների մակերեսից ելնելով՝ 15 մ2 մակերեսի համար ոչ ավելի քան 2 մլն դրամ հաշվարկով։

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը հայտնել է, որ հանրապետությունում այսօրվա դրությամբ  գործում է 44 սպանդանոց, որից 19-ը ծառայություններ է մատուցում: «Կառուցման փուլում է գտվում 82-ը, որից նվազագույնը 50 տոկոսը հուլիսի 1-ի դրությամբ կսկսի գործի: Մնացածը սպանդանոցները, նախնական տվյալներով, կգործեն մինչև տարեվերջ: Իսկ ընդհանուր առմամբ հանրապետությունում առկա է 70-80 սպանդանոցի պահանջարկ»,- ասել է  Արթուր Ասոյանը:

Facebook Linkedin Twitter Google+