Տնտեսական | 13:36 23/05/20

Կարծում եմ՝ հիմա ներքին տուրիզմը չի կարող թափ առնել այնքան, որ փրկի ստեղծված ճգնաժամային իրավիճակը. գիդ-էքսկուրսավար

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումից հետո խնդրի առաջ կանգնեցին սպասարկման ոլորտի տնտեսվարողները, հատկապես մեծ վնասներ կրեց տուրիզմը։ Սակայն վերջին օրերին, սահմանափակումների թուլացումից հետո ներգնա տուրիզմում փոքր-ինչ շարժ է նկատվում։ Ինչպիսին է տուրիզմը կորոնավիրուսի օրերին, պարզել ենք գիդ-էքսկուրսավար, թանգարանագետ, մշակութաբան Նարե Գրիգորյանի հետ։

- Կորոնավիրուսը մեծ հարված հասցրեց համաշխարհային տնտեսությանն ու հատկապես տուժեց սպասարկման ոլորտը, մասնավորապես՝ տուրիզմը։ Այս ամիսներին ականատեսն ենք լինում՝ ինչպես են դատարկվել համաշխարհային զբոսաշրջության կենտրոնները, բայց կանխատեսում կա, որ ստեղծված իրավիճակը հնարավորություն է ներքին տուրիզմի համար՝ զարգանալու։  Ի՞նչ ունենք այս ոլորտում, ի՞նչ հնարավորություններ կան և ի՞նչ առաջնահերթություններ ունենք Հայաստանում ներգնա տուրիզմը զարգացնելու, արդյո՞ք այդ զարգացման միտումը կա։

- Այո, կորոնավիրուսը մեծապես հարվածել է տնտեսությանն ու տնտեսական աճին ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում։ Հիմա հայաստանյան շատ տուրիստական ընկերություններ մշակում են տարաբնույթ ծրագրեր ներքին տուրիզմի զարգացման համար։ Լավատես լինելով հանդերձ՝ պետք է անկեղծ լինեմ ու ասեմ, որ ներկայիս իրավիճակը իրապես մտահոգիչ է։ Կարծում եմ, որ հիմա ներքին տուրիզմը չի կարող զարգանալ կամ թափ առնել այնքան, որ փրկի ստեղծված ճգնաժամային իրավիճակը։ Բացատրեմ՝ ինչու. Կորոնավիրուսից տուժել է մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտները՝ գյուղմթերքի սպառումից մինչև հյուրանոցային բիզնես կամ սննդի սպասարկում,նանգամ տեղացիները քիչ հավանական է, որ ունենան միջոցներ հանգստի կազմակերպմանը տրամադրելու համար։ Եթե նայենք վիճակագրությանը, մեր երկրում քիչ տոկոս  է կազմում բնակչության այն մասը, որը կարողանում է ամեն տարի իրեն կամ իր ընտանիքին թույլ տալ հանգստի մեկնելու «ճոխությունը»։ Հաշվի առնելով նաև մեր հասարակության ներկայիս սոցիալական դրությունը՝ կարծում եմ, որ մեծ զարգացում չենք կարող ակնկալել ներքին տուրիզմից։

- ԱՀԿ-ն ասում է՝ պետք է սովորենք ապրել վիրուսի հետ։ Ի դեպ, ճգնաժամը հաղթահարելու համար բիզնեսը որոշակի փոփոխություններ կրեց, ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար բիզնեսը սկսեց հարմարվել ու նոր կանոններով գործել։ Ի՞նչ փոփոխություններ է կրում տուրիզմի ոլորտը։

- Այո, պետք է սովորել ապրել կորոնավիրուսի հետ։ Տուրիզմն իրականում գլուխն է մի շղթայի, որի ներկայիս վիճակը բացասաբար է ազդում բոլոր օղակների վրա։ Այսօր տուրիստական շատ ընկերություններ և առանձին զբոսավարներ անցել են օնլայն հարթակում աշխատելու մեթոդին՝ պատրաստելով տարբեր հետաքրքիր ու գրավիչ նյութեր, տեսահոլովակներ Հայաստանի տեսարժան վայրերի մասին։ Այս մեթոդով փորձում են պահել և մեծացնել հետաքրքրությունը մեր երկրի հանդեպ։ 

- Աշխարհը տեսնելու, ճանաչելու հնարավորություն հիմա միայն համացանցի միջոցով ունենք։ Նույնիսկ նոր եզրույթ կա՝ վիրտուալ տուրիզմ։ Որքանո՞վ է Հայաստանը հետևում նոր թրենդին։ Արդյո՞ք Հայաստանը ներկայացվում է աշխարհին այնպես, որ ցանկություն առաջանա համավարակը հաղթահարելուն պես այցելել Հայաստան։

- Ինչպես նշեցի, աշխատանք տարվում է, այսպես կոչված, վիրտուալ տուրիզմի զարգացման համար, թեպետ հետևորդների  լսարանը դեռ մեծ չէ։ Գիտենք, որ թիրախային լսարանի ներգրավումը ժամանակ ու աշխատանք է պահանջում, և 1-2 ամսում մեծ լսարան կամ ակտիվություն ակնկալելը կարծում եմ՝ ռեալ չէ։ Բայց այն, որ մեր երկրում սկսվել է զարգացումը վիրտուալ հարթակների ակտիվացման ու կիրառման, դա նկատելի ու անչափ հուսադրող է, որ շուտով կրկին մեծանալու  է զբոսաշրջիկների հետաքրքրությունը մեր հրաշք երկրի ու մշակույթի հանդեպ։ 

- Ստանդարտ ուղղություններից զատ՝ Հայաստանը շատ տեսարժան վայրեր ունի, որոնք բացահայտված չեն։ Որտե՞ղ կառաջարկեք այցելել։

- Հայաստանի ամեն անկյունում մի հետաքրքիր ու տեսարժան բան կգտնենք, բայց, բնականաբար, տուրիստական փաթեթ կազմելիս,  հաշվի է առնվում զբոսաշրջիկի հետաքրքրության շրջանակը։ Ունենք շատ լքված գյուղատեղիներ, իրենց հետաքրքիր պատմությամբ, կիսավեր շինություններով, երբեմնի եկեղեցուց մնացած կիսավեր պատերով, խաչքարերով։ Կարծում եմ՝ դա նույնպես կարող է հետաքրքրել զբոսաշրջիկներին։ Որպես օրինակ նշեմ Վայոց Ձորի հին Վարդենիք գյուղատեղին՝ իր հրաշք բնությամբ, զույգ խաչքարերով, ժայռափոր խաչերով։ 

- Ներգնա տուրիզմն ու առհասարակ տուրիզմը Հայաստանում զարգացնելու համար ի՞նչ է պետք, որ չի արվում կամ արվում է թերի։

- Օնլայն հարթակում ավելի ու ավելի ակտիվ է պետք լինել։ Ավելի ակտիվացնել գովազդային տարբեր գործիքների կիրառումը։ Մաքրել երկիրը, տեսարժան վայրերը աղբից, տեղադրել աղբարկղեր։ 

- Հայաստանում տուրիզմի ոլորտի համար կորոնավիրուսից հետո կյանք կա՞։

- Միանշանակ կա։ Ու կա շատ ավելի լավ կյանք, քան մինչ կորոնավիրուսն էր։ Ստեղծված իրավիճակը շատ ու շատ բացասական հետևանքներից զատ, տվեց ինքներս մեզ ճանաչելու, բացահայտելու ժամանակ, տվեց հնարավորություն՝ կանգ առնելու, նկատելու, գնահատելու  բաներ, որոնք վաղուց արդեն սովորական ու ոչ կարևոր էին դարձել։ Կյանքը և գեղեցկությունը մանրուքների մեջ է, որոնց շատ վաղուց շատերս դադարել էինք ուշադություն դարձնել։ Դա վերաբերվում է կյանքի բոլոր ոլորտներին։ Իսկ տուրիզմի մասին եթե փաստերով խոսենք, ապա այսօր, օնլայն հարթակով տարվող ակտիվ աշխատանքը շատ շուտով տալու է իր դրական և զգալի արդյունքը։ 

 

Սրբուհի Սիմոնյան

Facebook Linkedin Twitter Google+