Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն. Երկօրյա դասընթաց գնումների համակարգողների համար

Հունիսի 22-ից 23-ը տեղի է ունեցել  «Պետական գնումների գործընթացը Հայաստանում» թեմայով դասընթաց-վերապատրաստում, որը կազմակերպվել է գնումների գործընթացը համակարգողների համար:

Վերապատրաստման նպատակն էր գնումների համակարգողներին ներկայացնել այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են գնումների նոր օրենսդրությամբ, ինչպես նաև գործնական օրինակով ներկայացվել են էլեկտրոնային եղանակով գնման ընթացակարգերի կազմակերպումը, գնումների հաշվետվողականության մոդուլի լրացման և հրապարակայնացման գործընթացները:

Ելնելով օրենսդրական փոփոխություններից՝ 2017 թվականին ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է շուրջ հազար որակավորված գնումների համակարգողների դասընթաց-վերապատրաստումը, որը նախատեսում է ավարտին հասցնել մինչև այս տարվա վերջ:

«Պետությունը ուզում է ունենալ մասնագիտական ունակություններ և աշխատանքային բավարար կարողություններ ունեցող մասնագետների մի խումբ, որոնք, ըստ էության, կոչված են ապահովելու գնումների օրենքի պատշաճ կիրառումը», -ասել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ֆինանսների կառավարման մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը:

Բացի վերոնշյալից՝ ֆինանսների նախարարությունը մշակել և կառավարության քննարկմանն է ներկայացրել նաև գնումների համակարգողների շարունակական մասնագիտական  վերապատրաստման կարգը հաստատելու մասին նախագիծ, որի նպատակը պարբերաբար նման դասընթացներ իրականացնելն է:

«Այսինքն, եթե անձը ունի գնումների համակարգողի որակավորում, ըստ իմ նշած նախագծի, նախատեսվում է, որ երեք տարին մեկ, պարտադիր, գոնե 12 ժամ, պետք է անցնի պարտադիր վերապատրաստման ծրագիր: Եթե վերջինս չանցնի վերապատրաստման ծրագիր, ապա կզրկվի որակավորումից»,- նշել է Սերգեյ Շահնազարյանը:

ՀՀ ֆինանսների նախարարությունն ապահովել է նաև դասընթացի ուղիղ միացումը իր նոր կայքի «Վեբինար» հարթակի միջոցով, որը հնարավորություն տվել նաև առցանց տիրույթում  հետևել դասընթաց-վերապատրաստմանը. http://www.minfin.am/hy/page/webinar/

Երկօրյա դասընթացի ավարտին գնումների համակարգողների կողմից ներկայացվել են իրենց աշխատանքի ընթացքում ի հայտ եկած խնդիրները,  որոնց տրվել է համապատասխան մասնագիտական խորհրդատվություն:

Share