Ֆինանսական | 16:33 06/10/17

Վարդան Արամյանը ներկա է գտնվել Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի մեկնարկի միջոցառմանը

Հոկտեմբերի 5-ին Երևանում տեղի է ունեցել Շեֆիլդի համալսարանի Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետի «Executive MBA» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկին նվիրված միջոցառումը, որին ներկա է գտնվել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարը շնորհավորել է ուսանողներին իրենց հայրենիքում վերոնշյալ ծրագրից օգտվելու հնարավորության համար և նշել, որ այս դասընթացը կօգնի նրանց մրցունակության բարձրացմանը, կարողությունների, հմտությունների ու գիտելիքների զարգացմանը և կնպաստի նաև մեր երկրի առաջընթացին: Նախարարը նաև նշել է, որ հասարակության բարեկեցությունն ապահովելու համար առաջին հերթին կարևոր է անհատի մրցունակ լինելը:

Բացման խոսքով հանդես է եկել նաև Երևանում Շեֆիլդի համալսարանի «Executive MBA» ծրագրի ակադեմիական տնօրեն Լեսլի Սզամոսին:

Շեֆիլդի համալսարանը 82-րդ է աշխարհում, 26-րդը՝ Եվրոպայում, և պատկանում է աշխարհի լավագույն համալսարանների 1 տոկոսին: Իր Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետի միջոցով հայաստանցի մենեջերներին և բիզնես մասնագետներին առաջարկում է Երևանում իրականացվող եզակի կրթական ծրագիր և Շեֆիլդի համալսարանի MBA աստիճան, ինչպես նաև՝ բրիտանական հեղինակավոր Արտոնագրված կառավարման ինստիտուտի 7-րդ աստիճանի դիպլոմ` «Ղեկավարում և ստրատեգիական կառավարում» մասնագիտությամբ, և AMBA սերտիֆիկատ: Ծրագրի միջազգային բնույթը համարվում է Շեֆիլդի համալսարանի Executive MBA-ի ամենակարևոր և արժեքավոր հատկանիշներից մեկը: Ծրագիրն իրականացվում է միաժամանակ 7 երկրում՝ Սալոնիկում (Հունաստան), Սոֆիայում (Բուլղարիա), Բուխարեստում (Ռումինիա), Բելգրադում (Սերբիա), Կիևում (Ուկրաինա), Թբիլիսիում (Վրաստան) և Երևանում (Հայաստան): Ամեն տարի Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի 20 տարբեր երկրներից առաջատար մենեջերները մասնակցում են ծրագրին:

Facebook Linkedin Twitter Google+